«Արցախյան հարցը չի լուծվելու ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ էլ հավատում եմ՝ մոտակա մի քանի սերունդներին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ նկատելով, որ սահմանային լարվածությունը անընդհատ է լինելու, մենք պետք է սերունդներով պատրաստ լինենք դրան:
«Երկու, երեք օր է՝ լսում ենք, որ ադրբեջանական կողմը «սպայկ» է օգտագործում, եթե օգտագործում է ու որեւէ բան չի լինում, ուրեմն չեմ էլ հասկանում՝ ինչ է նշանակում այս կրակելը: Այսօր Ադրբեջանում սկսել են գործընթացներ տեղի ունենալ, ներքին քաղաքական հարցեր մաքրել մինչեւ ընտրություններ, նոր սերունդ է գալիս, որը փայլուն կրթություն է ստացել ու փորձում է իշխանության մեջ, իրենց երեւույթների մեջ խաղեր տալ, որ միայն ալիեւյան դինաստիան չլինի: Այնտեղի ներքին պայքարից ունենում ենք լարվածության այսպիսի դրսեւորումներ»,- շարունակեց Թեւան Պողոսյանը:
Հետախույզ Վովա Վարդանովի համոզմամբ էլ, մենք ենք մեղավոր, որ այս իրավիճակում ենք հայտնվել. «Դա մեզ պատիվ չի բերում, ու մենք ենք մեղավորը, որ ՌԴ-ի կարիքն ունենք ոչ միայն որպես զենք արտադրող ու վաճառող շուկայի, այլեւ՝ իրենց զինվորական ուժի, ժարգոնով ասած՝ զապադլո է, բայց ուրիշ ելք ունե՞նք»:
Վովա Վարդանովը խոստովանեց, որ առաջիններից է եղել, որ կրակել է սովետական զինվորականների վրա. «Կրակել եմ սովետական զինվորականների վրա ու եթե պետք լինի, ցանկացածի վրա կկրակեմ, եթե սպառնում է իմ ազգին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ