ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի համատեղ ջանքերով այսօր Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների չորս տասնյակից ավել լուսանկարների ցուցադրություն: Միջոցառմանը մասնակցել են Սիսավանի միջնակարգ դպրոցի 9-12- րդ դասարանների աշակերտները, կրթօջախի մանկավարժները։
Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ողջունել է ներկաներին և խոսել հայ ժողովրդի պատմաճարտարապետական ժառանգության մասին։ Նա նաև անդրադարձել է Արևմտյան Հայաստանի տարածքում պահպանված հուշարձանների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ.-ին արձանագրած վիճակին: Այնուհետև մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը կարդացել է «Հիշողության վկաներ» խորագրով դասախոսություն, որի ընթացքում նա ևս ներկաներին ծանոթացրել է Արևմտյան Հայաստանի հուշարձաններին, անդրադառնալով մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դրանց թվաքանակին ու պահպանվածության վիճակին, այնուհետև` ցեղասպանության տարիներին դրանց ոչնչացմանը և ներկայացրել հուշարձանների ներկա վիճակը։
Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը դպրոցում կշարունակվի ևս երեք շաբաթ։ Այդ ընթացքում կրթօջախի տնօրեն Նարինե Գալստյանի հանձնարարությամբ «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասաժամերը կանցկացվեն ցուցադրությունների դահլիճում, որպեսզի բոլոր աշակերտները հնարավորություն ունենան տեսնելու հուշարձանների լուսանկարները։