Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային հերոսին կարմիր բերետավորները ծեծի են ենթարկում բանտում, ի՞նչ ստեղծագործելու իրավունք». Ռուբեն Հախվերդյան

Հոկտեմբեր 25,2017 16:26

Փաստաբան Արայիկ Պապիկյանը վստահեցնում է, որ սահմանափակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքը:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ սա և՛ օրենքի չիմացություն է, և՛ դիտավորություն. «Բոլորին հայտնի է, որ Աշոտ Պետրոսյանը «Սասնա ծռեր» ապստամբ խմբի անդամներից է: Ունեցել է բազում քաղաքական հայտարարություններ: Ուստի նրա նկատմամբ դիտավորություն է կիրառվում: Այս առումով իշխանության կողմից կա հիշաչարություն»:

Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ Աշոտ Պետրոսյանին արգելում են, որ իր մոտ ունենա ստեղծագործելու համար անհրաժեշտ պարագաներ, որոնք անգամ արգելված չէ ունենալը. «Նրանք թույլ չեն տալիս ունենալ սովորական թուղթ, գունավոր գրիչներ, մոմամատիտներ. այսինքն՝ այնպիսի պարագաներ, որոնց թույլ տալը որևէ իրավական ակտով արգելված չէ: Քրեակատարողական հիմնարկներում ղեկավարվում են ներքին կանոնակարգով, որտեղ հստակ գրված է, որ անազատության մեջ գտնվող անձը կարող է ունենալ գրիչներ, բայց գույնը գրված չէ: Երբ նրան փոխանցում են կապույտ գրիչ, թույլ են տալիս, բայց կարմիրը՝ ոչ»:

Պարոն Պապիկյանը տեղեկացրեց, որ բողոք-դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԻՊ-ի աշխատակազմից էլ դիմել են Քրեակատարողական հիմնարկների վարչություն: Այնտեղից պատասխանել են, թե թույլ են տվել Աշոտ Պետրոսյանին հասարակ մատիտների փոխանցումը: Արայիկ Պապիկյանը շեշտեց, թե իրենք դիմել էին գունավոր մատիտների և մոմամատիտների փոխանցումը թույլ չտալու խնդրով:

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը մտահոգություն հայտնեց, եթե մենք զրկված ենք ապրելու իրավունքից, ի՞նչ ստեղծագործելու իրավունքի մասին է խոսքը. «Մենք ապրում ենք անարդար պետության մեջ, և սա մի փոքր դետալ է այդ անարդարությունից: Սա մի քավոր-սանիկային պետություն է, որտեղ նույնիսկ ամուսնություններն են կատարվում հաշվենկատորեն: Կարծում եմ, որ եթե նույնիսկ այդ մատիտները տան, սա շատ փոքր հարց է: Օրինակ՝ մարդու ապրելու իրավունք է խախտված: Մարդիկ ապրելու իրավունք չունեն, դրա համար են խոպան գնում: Ամբողջ երկիրն է վերածված քրեակատարողական հիմնարկի: Ազգային հերոսին  կարմիր բերետավորները ծեծի են ենթարկում բանտում, ինչի՞ մասին խոսեմ»:

Ռուբեն Հախվերդյանը նաև հիշեցրեց, որ անգամ Փարաջանովին կոմունիստական շրջանում բանտում թույլ են տվել ստեղծագործել։

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն էլ նշեց՝ կատարվածը ցավալի է, սակայն այս խոսակցություններից ոչինչ չի փոխվի. «Ամեն ինչը վաղուց ասված է, եւ այս խոսակցությունները ոչ մի տեղ չեն տանում: Ընդհանրապես ստեղծագործական միությունների նախագահները տնտեսականից դենը չեն տեսնում: Օրենքի որևէ տարր չի պահվում և չի էլ պահվելու»։

Ռուբեն Հախվերդյանն էլ հավելեց, թե ստեղծագործական միությունների նախագահները կոմֆորմիստներն են, որոնք բոլոր իշխանությունների, նախագահների ժամանակ տաք տեղում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031