Նոյեմբերի 5-ին խոշորացված Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սամվել Հարությունյանն այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տեղեկություններին, որ իր եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ տեւական գժտությունից հետո (նրանք հաշտվել են 2016թ.-ին) ինքը լռել է Սուրիկ Խաչատրյանի ծանր հանցագործությունների մասին՝ վերջինիս կողմից գումարի դիմաց:
«Ես անխոցելի եմ, դրանք էժանագին շահարկումներ են»,-վստահեցրեց Սամվել Հարությունյանը: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, Հարությունյանի խոսքով՝ բոլոր «հակամարտություններն» ի վերջո լուծում են ստանում. «Այս դեպքում էլ դա հնարավոր էր՝ առանց որեւէ սկզբունքային բանի»:
Սամվել Հարությունյանը մեկնաբանեց նաեւ տեղեկությունները, թե իր առաջադրումը համաձայնեցրել է Սուրիկ Խաչատրյանի հետ. «Նա տեղյակ էր, որ առաջադրվելու եմ, ինչպես բոլորն էին տեղյակ: Նրան ասել եմ, որ առաջադրելու եմ թեկնածությունս, եւ դա ոչ ոքի հետ չեմ համաձայնեցրել»:
Թե առհասարակ ստվերային մասնակցություն ունի՞ Սուրիկ Խաչատրյանը սպասվող ՏԻՄ ընտրություններում, Սամվել Հարությունյանը նշեց. «Ես չեմ պատկերացնում ստվերային մասնակցություն: Որքանով ինձ հայտնի է, նա չի սատարելու ՀՀԿ թեկնածու, համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Առուշ Առուշանյանին, եւ այլ հայտարարություն չի արել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ