Հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի և քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը:
Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորելով կենսական անհրաժեշտության պարագաների ցանկը, որպես արագ արձագանք, ՀԿԽԸ-ն այսօր տուժածներին տրամադրեց 1 ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ և տաբատներ, սպորտային հագուստ և խալաթներ: Բացի այդ, ընտանիքները օրը մեկ անգամ տաք ճաշ կստանան ՀԿԽԸ բարեգործական ճաշարանում, որը գործում է Արմավիր քաղաքում՝ միայնակ տարեցների համար:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00 սահմաններում խոշոր հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում: Հրդեհի հետևանքով շենքն ամբողջությամբ մոխրացել էր, իսկ շենքում բնակվող 11 ընտանիքները՝ մնացել անօթևան:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Մամուլի հաղորդագրություն