Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ, Ադրբեջանի շուրջ ստեղծված սկանդալները ազդում են Ադրբեջանի վարկանիշի վրա, բայց չի ազդում Արցախի հակամարտության կարգավորման հարցի վրա:
«Մտածել, որ միջազգային հանրությունը չար ուսուցչուհի է, որ երկու կամ հինգ է նշանակում կամ հարվածում է անփույթ աշակերտի մատներին, պետք չէ, ամեն ինչ այդքան պրիմիտիվ չէ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Ադրբեջանում ընդդիմադիրների ձերբակալություններն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները գրգռում են Ադրբեջանի հասարակությանը, ինչի համար էլ Ալիևի իշխանությունը լարում է սահմանային իրադրությունը՝ ցույց տալու, թե Հայաստանի հետ ռազմական բնույթի գործողություններ են ընթանում. «Դա այդպես եղել է, այդպես է և ես շատ եմ վախենում, որ այդպես էլ կմնա, որովհետև սահմանին ռազմական լարվածության թուլացման քաղաքական գործիքները չեն հերիքում, իսկ ուրիշ գործիքներ չկան։ Ադրբեջանը հատուկ է ընտրել այդպիսի մարտավարություն՝ բանակցային գործընթացը զուգակցել հայկական կողմերի վրա ճնշումներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ