Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ խոսեց այն արտոնյալների մասին, որոնք կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել:
Ըստ նրա, ՀՀ-ում ահավոր մեծ թվով մարդ է ազատվում բանակից. «Այդ թիվն այնպիսին է, որ նայում ես, չգիտես՝ հավատաս աչքերիդ, թե չհավատաս: Բանակից ազատվող 100-ից 90-ը ազատվում է առողջական պատճառաբանությամբ, 10-ը՝ ակադեմիական տարկետումով: Համաձայն եմ, 10-ից 5-ը բանակից խուսափողներն են, 90 ազատվողներից թող կեսը խնդիր ունենան, լինեն հիվանդ, իսկ այն 45-ը կոռուպցիոն ոլորտն է: ՀՀ-ում ուր գնում ես՝ համատարած մարդիկ ազատվել են բանակից: Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսը՝ ականջի խրոնիկ մեծացում ու այսպես շարունակ: Մեր պրոբլեմի 90 տոկոսը կապված է առողջապահական ոլորտի հետ»:
Փաշինյանը գտնում է, որ այս նախագծով խնդիրը չի լուծվում. «Մենք այդ 90-ին, ըստ էության, թողնում ենք անձեռնմխելի, մի քիչ կսեղմենք, կդառնա 88, այն 5-ը, որ ակադեմիական կեղծ ուսանողներն են, իրենց պապաների շնորհիվ, որոնց մի մասն այս դահլիճում է, պճեղի մենինգիտի տակ կընկնեն, ստացվեց, որ այս օրենքը այն 5 հոգու դեմ է, ովքեր իրոք ազնիվ, արդար ձեւով ուսանում են»:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում 2017-ի հունվարի 1-ի դրությամբ կա 12 հազար 698 հետախուզվող, նրանցից 11 հազար 286-ը հետախուզվում է բանակից խուսափելու համար: Հետախուզվողների 88 տոկոսն է: Վերջին 3 տարում այդ մարդկանց թիվը 1100-ով աճել է. «Ինչի՞ց են փախչում: Փախչում են, որովհետեւ ամեն անգամ ասում եք՝ մենք արդարություն ենք հաստատում սրանով, մարդը չի հասկանում, աջ է նայում՝ չծառայողներ են, ձախ է նայում՝ չծառայողներ են եւ ինքը չի հասկանում՝ ինչո՞ւ պիտի ինքը ծառայի»:
Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու պետք է Գեւորգյան ճեմարանի բոլոր ուսանողներին տարկետում տրվի, իսկ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկը կարողանա դրանից օգտվել ու դրանով ռազմարդյունաբերական համալիր ենք զարգացնում. «Մի ժամանակ գյուղատնտեսության նախարարը դաշտերն էր օրհնում, հիմա էլ մենք մեր հիմնական անվտանգության բաղադրիչ ենք դարձնում մեր առաջնագիծը օրհնելը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ