Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման առանցքում արևային էներգիայի ոլորտում Սևանում իրականացված ծրագրերի ամփոփումն էր և առաջիկա անելիքները

Հոկտեմբեր 25,2017 15:43

Վերջին տարիներին արևային էներգիայի նկատմամբ պահանջարկը Հայաստանում մեծացել է: Արևային օրերի քանակով Սևանն ամենաարևայիններից է` 265-270 օր: Հաշվի առնելով կլիմայական այս իրողությունը և այլընտրանքային էներգիայի ստացման նկատմամբ համաշխարհային միտումները` 2011թ-ից Սևանն ընդգրկվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրում:

Ծրագիրն իրականացվում է Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի ֆինանսավորմամբ: Տարածաշրջանի մաս կազմող Իզեր դեպարտամենտը համագործակցում է Գեղարքունիքի մարզի հետ: Սևան համայնքն էլ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության 13-ամյա փորձ ունի:

2015թ-ից ծրագրի շարունակականությունն ապահովվեց Ռոման քաղաքի Հայկական բարեկամական միության շնորհիվ, որի անդամներից է Լիոնի Մարտինիեռ-Մոմպլեզիռ լիցեի դասախոս, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի անդամ Հագոբ Աժամյանը, որը միության մեկ այլ անդամի` Գրեգուար Դիրդարյանի հետ նախօրեին այցելել էր Սևան:

Այցի ընթացքում նրանք հանդիպում ունեցան Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ: Հանդիպման առանցքում արևային էներգիայի ոլորտում Սևանում իրականացված ծրագրերի ամփոփումն էր և առաջիկա անելիքները:

Պարոն Աժամյանը նշեց, որ այս ծրագիրն առաջինն իրականացվել է Սևանում, միաժամանակ կարևորեց նման ծրագրի իրականացումը, որի արդյունքում Սևանի պետական քոլեջում նորարական գաղափարների, սովորողների գործնական կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվել են հեռավար և ավտոմատացման ուսուցումներ, ձևավորվել է լաբորատորիա, որին հաջորդել է ոլորտային գիտելիքներ ստացած սևանցի և ֆրանսիացի ուսանողների համատեղ իրականացված ծրագրավորման գործընթացը այլընտրանքային էներգիայի ստացման, դրա գործնական կիրառման բնագավառում: Սևանի արհեստագործական ուսումնարանի էլեկտրատեխնիկայի բաժնի սովորողներն էլ վերապատրաստվում են որպես արևային էներգետիկներ և նրանցից շատերն իրենց գիտելիքները կիրառում են պրակտիկ աշխատանքում:

Սևանի արհեստագործական ուսումնարանը և պետական քոլեջն այս ոլորտում մեծ փորձ ունեն կուտակած, և դրանց շրջանավարտները կարող են մրցունակ լինել աշխատաշուկայում:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նման կենսական ծրագրերի կարևորությունը ևս մեկ անգամ շեշտելով` նշեց, որ համայնքի կողմից այն արժանացել է հավանության և առաջիկայում էլ քայլեր են մշակվելու այդ ուղղությամբ:

Համայնքի ղեկավարի դիտարկմամբ` այլընտրանքային էներգիայի կիրառմամբ լուծվում է մի քանի խնդիր` փոքրանում են շրջակա միջավայրին հասցվող վնասի չափերը, կրճատվում է կենցաղում գազի սպառումը և այլն:

Հանդիպման մասնակից Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու, արևային էներգիայի ծրագրի համակարգող Նելլի Ստեփանյանի փոխանցմամբ` վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ 60 ժամանոց մոդուլի դասավանդումն ուսումնարանում, զուգահեռ ֆրանսերեն լեզվի դասավանդումը երկու ուսումնական հաստատություններում, երկու լաբորատորիաների ստեղծումը, մասնագիտացված և վերապատրաստված կադրերի առկայությունը, արևային ֆոտովոլտայիկ համակարգերի տեղադրումը, երկու ուսումնական հաստատությունները վերազինումը անհրաժեշտ սարքավորումներով և համակարգչային տեխնիկայով ծրագրի ընթացքում իրականացված այն գործողություններից են, որոնց շնորհիվ հնարավոր եղավ Սևանում այս ոլորտը կայացնել:

Ներկայումս էլ ծրագրի շրջանակներում ստեղծվել է 3 բրիգադ, բրիգադի աշխատակիցները Սևանի ուսումնարանի նախկին և ներկա սովորողներն են, ովքեր կատարում են ֆրանսիայից եկող պատվերները:

«Տեսական գիտելիքները դարձել են պրակտիկ աշխատանք, որի ընթացքում Սևանում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել 3 մանկապարտեզում, մարզադպրոցում, քոլեջում, ֆոտովոլտայիկ լուսատուներ է տեղադրվել 4 տարածքներում` թիվ 1 հիմնական դպրոցի, համայնքապետարանի, քոլեջի և ուսումնարանի: Ի դեպ, ուսումնարանի 2-րդ մասնաշենքն ամբողջովին լուսավորվում է այնտեղ կառուցված միկրոէլեկտրակայանի շնորհիվ»,- ասաց Նելլի Ստեփանյանը:

Պարոն Հագոբ Աժամյանը Վարդենիս-Ռոման քույր քաղաքների օրինակով ներկայացրեց արևային ջրատաքացուցիչների տեղադրման դինամիկան. Վարդենիսում երեք տարվա ընթացքում տեղադրվել է 70 ջրատաքացուցիչ:

Չնայած Սևանի մի քանի առանձնատներում իրականացվել է ջրատաքացուցիչների տեղադրում, սակայն անհրաժեշտ է առավել մեծ ընդգրկվածություն: Այդ նպատակով 2018թ-ից սկսած ծրագիրը կունենա առավել մեծ մասշտաբայնություն:

Առաջին փուլում կընդգրկվեն 20 ընտանիք և 4 հանրային կառույց:

Ընտանիքների համար 3 տարվա ընթացքում վերադարձելիության սկզբունքով /առանց տոկոսի/, գումարի` նախնական 10 տոկոս վճարման պայմանով գործող ֆինանսավորման ծրագրի շրջանակներում սեփական առանձնատներում և բնակարաններում տեղադրվելու են 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ, որոնց միջին արժեքը 500.000 դրամ է:

Հագոբ Աժամյանը հավաստիացրեց, որ ստեղծված «Արեգ» հիմնադրամի միջոցով ապահովվելու է ծրագրի կենսունակությունը և Սևանն էլ ներգրավվելու է ոլորտային ծրագրերում:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի դիտարկմամբ` առաջիկայում երկու ուսումնական հաստատությունների` Սևանի պետական քոլեջի և արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլմամբ ստեղծվող բազմագործառույթային պետական քոլեջում էլ կմիավորվեն այլընտրանքային էներգիայի վերաբերող տեսականն ու գործնականը, որի արդյունավետությունը կլինի առավել տեսանելի և ամենակարևորը` համայնքի բնակչության համար օգտակար:

«Էներգախնայողությանը նպաստող այս կարևոր ծրագիրը ժամանակի ընթացքում ընդլայնելու է իր աշխարհագրությունը և շատ կարևոր է, որպեսզի համայնքն ունենա համապատասխան ներուժ դրա կիրառման համար: Առաջիկայում էլ Գրենոբլի քաղաքապետի հետ իմ հանդիպման ընթացքում, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվելու է նաև այս ծրագրի հետագա ընթացքը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Հավելենք, որ ժամանակի պահանջներին համապատասխանող, բնապահպանական մեծ արժեք ունեցող արևային էներգիայի օգտագործման ծրագրի ներդրումը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից քննարկված այս տարվա թեմաներից մեկն է:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031