Այսօր, երբ խորհրդարանում քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը, Պետհամալսարանի մոտ մեկ տասնյակ ուսանողներ խորհրդարանի շենքի մոտ ցույց էին անում: Նրանք պահանջում էին, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրենց հետ հանդիպի: Ասացին`իրենք այսօր քիչ են, քանի որ հավաքը եղել է ինքնաբուխ: Առհասարակ, նախատեսում են ստորագրահավաք` համալսարանում դասադուլներ եւ բողոքի լայնածավալ ցույցեր սկսելու համար:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց`իրենք վրդովված են, որ նախ գիտության նախարարն է հայտարարել, թե հանդիպել է ուսանողներին, ապա պաշտպանության նախարարը: Իրենք պնդում են, որ նախարարները ուսանողների հետ չեն հանդիպել: Իրենք էլ այսօր, խորհրդարանի շենքի մոտ պահանջում էին, որ Վիգեն Սարգսյանը հանդիպի իրենց հետ: Նրանք պահանջում են, որ նախարարները հստակեցնեն, թե ո՞ւմ հետ են հանդիպել:
Ուսանողները խնդիր են համարում տարկետման կարգում նախատեսվող փոփոխությունները: Կարծում են, որ դա «կխփի» Հայաստանում գիտության զարգացմանը: Ասում են`«Պատիվ ունեմ», «Ազգ-բանակ» ծրագրերը ներկայացնելիս, տարկետման՝ ինստիտուտում նախատեսվող փոփոխությունների մասին չի հայտարարվել: Իրենց հետ համամիտ են նաեւ պետհամալսարանի չորս դեկաններ, որոնք միացել են ստորագրահավաքին:
Հարցրեցինք`ճշմարտության հատիկ չկա՞ այն պարզաբանումներում, որ բանակը չի կարող խանգարել գիտությամբ զբաղվելուն, մանավանդ, որ նման օրինակներ կան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, ինքս էլ ծառայած եմ եւ մեր շարքերում էլի ծառայած մարդիկ կան: Նախագահը, նախարարը բերեցին իրենց անձնական օրինակները, բայց պետք է հաշվի առնել ավելի լայն շերտերի շահերը, չպետք է հիմնվել անհատական օրինակների վրա: Հետազոտություն է պետք բերել`թե այսքան մարդ, որ գնացել ծառայել-եկել է, ովքե՞ր են գիտությամբ զբաղվել կամ անգամ կրթությունը շարունակել: Մենք էլ անհատական օրինակներ ունենք, որ շատերը կրթությունն են դադարեցրել»:
Հաջորդ հարցին, որ պաշտոնյաների եւ ունեւորների զավակներն էին «անհագ ցանկությամբ» սկսում զբաղվել գիտությամբ`բանակից ազատվելու համար, մեր զրուցակիցն ասաց`ի հեճուկս կրթության եւ գիտության նախարարի, իրենք ընդունում են, որ ասպիրանտուրայում կան կոռուպցիոն ռիսկեր. «Խնդիրն այն է, որ կրթության եւ գիտության ոլորտում առկա խնդիրները պետք է այդ համակարգում լուծվեն, ոչ թե այլ մարմնի կողմից առաջարկված օրենքում: Թող խստացնեն ասպիրանտուրայի ընթացակարգերը»:
Մանրամասները` տեսանյութում
Ցուցարարներին այցելեցին «Ելք» խմբակցության պատգամավորները: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձելու են ուսանողների ձայնը լսելի դարձնել խորհրդարանի ամբիոնից`իրենց ելույթներով: «Միայն այդ դրույթը չէ, քաղաքական մոտեցումը`երկրում եղած հարցերը «ռազմական» ճանապարհով լուծել: Ունենք կոռուպցիոն խնդիր: Նախարարը հայտարարում է`ԲՈՒՀ ընդունվածներից 16 տոկոսն է հետագայում համալրում բանակը: Հարց է առաջանում `84 տոկոսն ո՞ւր է գնում: Հենց այս հարցն է, որ պետք է լուծել: Նախ` պայմաններ պետք էր ստեղծել, որպեսզի վստահություն լիներ այս նախաձեռնության նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Գորգիսյանը`նկատելով, որ մարդիկ կան, որ բանակից ազատվում են մահացու հիվանդություններով, որ երեք տարի հետո պիտի մահանային, բայց …
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ