Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մկոն «փակագծեր» է բացում իր մանկությունից

Հոկտեմբեր 25,2017 15:21

Մկրտիչ Արզումանյանը խաղացել է «հավալա», ծեծել սամբոյի պարապմունքին անհաջող հնարք ցույց տված տղային

-Ո՞ր տարիքում եք սկսել ձեր դերասանական առաջին քայլերը:

-Շատ փոքր տարիքում կարողացել եմ ուրախացնել մարդկանց: Տատիկս գրի էր առնում իմ բոլոր ասածներն ու դիմացը նշում տարիքս: Հիմա, երբ կարդում եմ, բավականին ծիծաղելի է: Ինձ նման էլ տղաս է, խոսելիս ակամայից կարողանում է ուրախացնել:

-Ո՞րն է եղել ձեր առաջին ձեռքբերումը կամ հաջողությունը:

-Կարելի է ասել, որ իմ առաջին աշխատանքային հաջողությունը եղել է «Մեր բակը» ֆիլմում նկարահանվելու առաջարկը: Սկզբում մտածում էի, որ դերն ինձ անհամապատասխան էր, բայց հետո հասկացա, որ դերն ու կերպարը բավականին հաջող են ստացվել, սիրվել:

-Այդ ասպարեզում եղե՞լ են հիասթափություններ:

-Բնականաբար: Կարծում եմ, հիասթափությունն է, որ տալիս է այն ձգտումը, որով կկարողանանք առաջ շարժվել և ավելիին հասնել:

-Ինչո՞վ է օգնում կամ խանգարում ձեր աշխատանքը առօրյայում:

-Ես 16 ժամ գտնվում եմ նկարահանման հրապարակում: Նկարահանման ավարտից հետո գալիս եմ տուն, 3-4 ժամ քնում, և, ցավոք սրտի, հարազատներիս միշտ քնած եմ տեսնում:

-Կա՞ ինչ-որ բան, որ չեք արել մանուկ հասակում, բայց կցանկանայիք անել:

-Շատ բաներ կան, որ ցանկանում եմ անել: Ծնողներս հնարավորինս ամեն բան արել են մեզ համար, բայց երեխաների մոտ այդպես է, ինչքան շատ տաս, այնքան ավելի կպահանջեն…

-Ինչպե՞ս եք սովորել դպրոցում:

-Գերազանցիկ չեմ եղել, բայց լավ եմ սովորել:

-Մանուկ հասակում ի՞նչ խաղեր էիք խաղում:

– Շատ եմ խաղացել «պահմտոցի», «օբա», «հավալա»…Փոքր տարիքում նաև տարբեր մեքենաներ եմ հավաքել, հայրս մինչև հիմա պահում է այդ հավաքածուն:

-Երեխա ժամանակ զբաղվե՞լ եք սպորտով:

-Մի օր գնացել եմ ֆուտբոլի, բայց այդպես էլ գնդակն ինձ չհասավ և մարզիչն ասաց. «Տղա ջան, գնա տուն, այս սպորտաձեւը քոնը չէ»: Ես շատ էի տխրել: Մի օր էլ գնացել եմ սամբոյի, այնտեղ էլ մի հնարք ցույց տվեցին, որի արդյունքում ես հայտնվեցի տատամիի վրա (մարզումների բացվող գորգ), մեջքս շատ ուժեղ ցավեց: Ես մի կողմ դրեցի բոլոր կանոններն ու հարձակվեցի այդ տղայի վրա և սկսեցի ոտքով- ձեռքով հարվածել նրան: Հիշում եմ հորաքրոջս տղայի ապշած դեմքը, երբ ինձ դուրս շպրտեցին մարզասրահից: Բավականին երկար տարիներ զբաղվել եմ բասկետբոլով, մասնակցել ուսումնական հավաքների` Ռուսաստանում, Լիտվայում, ունեցել ենք մեծ հաջողություններ:

Հետաքրքրվել եմ նաև արևելյան մարզաձևերով, մեկ-մեկ ցանկություն կա դրանք օգտագործել ֆիլմերում:

 Զրուցեց Ադրինե ՆԻԴԵԼՅԱՆԸ

Լուսանկարները` Մկրտիչ Արզումանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031