«Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունն առաջիկա բյուջետային քննարկումներում որպես նպատակակետ ընտրի ՀՆԱ-ում կրթական ծախսերը 3 տոկոսի հասցնելու հարցը, իսկ ավելի հեռավոր նպատակ սահմանի 4.5 տոկոսը: Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին խթանել այս առաջարկների՝ խորհրդարանում ակտիվ քննարկմանը,-«Մեդիա կենտրոնում» «2018թ․պետբյուջեում կրթության ֆինանսավորման հիմնախնդիրները» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը:
Նա հակադրեց հանրության վերաբերմունքը կրթության հանդեպ և պետական օղակի մոտեցումը. «Մտահոգիչ միտում է: Կրթությունը հասարակությունը համարում է առաջնային ոլորտներից մեկը, մինչդեռ պետական քաղաքականությունը, հանրային ֆինանսների կառավարման առումով ուղղված է նրան, որ ՀՀ-ն իր ՀՆԱ –ի մեջ կրթության ծախսերը իջեցնի՝ նույնիսկ երկու տոկոսից էլ ցածր»:
Պարոն Սողոմոնյանը, հղում կատարելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վիճակագրության ինստիտուտի՝ կրթության ֆինանսավորման ցուցանիշների աղյուսակին, փաստեց. «ՀՀ-ն 158 երկրների շարքում այդ ցուցանիշով գտնվում է 136-րդ տեղում, և երեք տարի անց ըստ այդ պլանի՝ ՀՀ-ն կհայտնվի աշխարհի երկրների վերջին տասնյակում»:
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը վստահեցրեց, որ կրթության ծախսերի նվազումը կրթության զարգացման վրա չի կարող ունենալ որևէ դրական ազդեցություն. «Կապ կա աղքատության և առաջադիմության միջև: Ցավոք, մենք ունենք անհավասար զարգացում և չունենք կրթության մատչելիություն: Անհավասար զարգացման ենթատեքստում նշենք, որ բուհ ընդունվածների 56.2 տոկոսը ավագ դպրոցների շրջանավարտներ են: Մինչդեռ ավագ դպրոցները մեծապես կենտրոնացած են քաղաքներում, ոչ թե գյուղերում: Մենք կապիտալ ներդրումների կարիք ունենք նաև ենթակառուցվածքների զարգացման համար»:
Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Միքայել Թադևոսյանը, անդրադառնալով պետական քաղաքականության մշակմանը, նշեց. «Քաղաքականության մշակման տեսանկյունից, երբ պետությունն անկանխատեսելի փոփոխություններ է կատարում բյուջեի բաշխման տեսանկյունից, բուհերն ու հանրակրթական հաստատություններն անկառավարելի բաշխման քաղաքականություն են որդեգրում, երբ չգիտեն՝ ինչ է իրենց սպասվում, չգիտեն՝ ինչպես պլանավորել գործընթացը: Մանկավարժական կոլեկտիվների կողմից է նաև փոխվում մոտեցումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի