«Ընդհանուր անարդարության զգացողություն կա: Ես ինքս միշտ հավասարության կողմնակիցն եմ: Բայց այս օրինագծով, որ ասում ենք՝ այլեւս չի լինելու տարկետում՝ անընդհատ կրթություն ստանալու համար եւ ասում ենք, որ մենք հավասարություն ենք ապահովելու՝ ինձ հավատ չի ներշնչում»,- այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա, այս իշխանությունը երկար տարիներ խրախուսել է բանակում չծառայելը. «Բանակում չծառայած մարդիկ շքանշաններ են ստացել, պարգեւատրվել են ՊՆ-ի կողմից: Դրանք բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այս դահլիճում, այս դահլիճից դուրս եւ դրանով խրախուսվել է բանակում չծառայելը: Հիմա ասում են, որ բոլորը պետք է գնան ծառայեն»:
Մարուքյանն ասաց, որ պետությունը տարեկան պատվեր է տվել, ասել է՝ այսքան մարդ ինձ պետք է, որ գնա սովորի, պետք է բանակից տարկետում ստանան, հիմա դրա մասին խոսակցություն չկա, էլ չկա՞ այդ առաջնահերթությունը գիտությամբ զբաղվելու. «Ախր իշխանության վիճակը շատ վատ է: Եթե գան ասեն՝ գիտությունով չեն զբաղվել, դրա համար ենք պատվերը հանում, բա դուք եք իշխանության եղել, այնպես անեիք, որ զբաղվեին: Եթե գան ասեն կոռուպցիա կա, կոռուպցիայով ազատվել են, բա կոռուպցիայի դեմ պայքարեիք, եթե ասեն՝ պայմաններ չկան, որ այդ մարդիկ գիտությունով զբաղվեն, այս իշխանությունը ամեն տարի գիտությանը տրված ֆինանսավորումը կրճատել է: Դուք ոչ մի կոնտեքստում կոմֆորտ չունեք նման նախաձեռնությամբ հանդես գալու: Ուրիշ իշխանություն գար ասեր՝ ձեն չհանեինք»:
Էդմոն Մարուքյանը հիշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի խոսքերը, որ «քոսոտ» երկիր ենք. «Եթե այդ մակարդակում այդպիսի հայտարարություն է արվում, բա պիտի հետո գաք ասեք՝ գիտություն չկա, քոսոտ երկիր եք, գնացեք բանակ»:
Ըստ Մարուքյանի, այս նախագծով հավասարություն չկա, սա հավասարություն է աղքատների համար, որոնք առանց այդ էլ հավասար են, նրանց այլեւս հնարավորություն չի տրվում գիտությամբ զբաղվելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ