Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հոկտեմբերի 25-ին ելույթ է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ հոբելյանական նիստի ժամանակ:
«Հարգելի գործընկերներ,
ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ լիագումար նիստին: Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալ եմ Բոսնիա-Հերցեգովինիայի մեր գործընկերներին այս կարեւոր միջոցառումը հյուրընկալելու համար:
Մեր աշխատանքի օրակարգը հագեցած է եւ քննարկումները կարեւոր թեմայի շուրջ են՝ ֆրանկոֆոն երկրների փոխադարձ տնտեսական շփումները, տնտեսական համագործակցությունը եւ հեռանկարները:
Ինքս տնտեսագետ չեմ, սակայն խիստ կարեւոր համարեցի այս քննարկումները եւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունն անչափ կարեւորում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ համագործակցությունը:
Հարգելի գործընկերներ,
թերեւս բոլորդ գիտեք որ 2018 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթաժողովը տեղի է ունենալու Հայաստանում: Իմ երկիրն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում այս կարեւոր միջոցառմանը: Պարբերաբար, ինչպես նաեւ երկու օր առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրեց աշխատանքային քննարկում այս կարեւոր միջոցառման կազմակերպչական աշխատանքի մասով: Հանձնարարականները տրված են հստակ՝ Հայաստանը պիտի անի ամեն ինչ մեր գործընկերներին հավուր պատշաճի ընդունելու համար: Գիտեք, որ դրանից հետո Հայաստանն է դառնալու այս կառույցում նախագահող երկիրը, ուստի, նաեւ տնտեսական թեմաները խիստ կարեւորելով՝ ուզում եմ ասել հետեւյալը: Հայաստանը նախատեսում է գալիք նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սրանով Հայաստանը կարող է ապացուցել, որ մաս կազմելով եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին՝ մյուս կողմից կարող է ընդլայնված եւ խոր հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Այսպիսով, անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը կարող է գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված եվրոպացի ներդրողների համար: Սա անչափ կարեւոր է մեր երկրի համար եւ կօգնի ավելի խորացնելու հարաբերությունները եվրոպական երկրների հետ:
Գիտեք, որ 2015 թվականից ի վեր Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ, որը միավորում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Կատարելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ընտրություն՝ Հայաստանը կարող է միեւնույն ժամանակ խարսխված լինել Եվրոպային՝ դառնալով, այսպիսով, կամուրջ երկու շուկաների միջեւ: Հայաստանը կարող է օգտակար լինել «տնտեսական ֆրանկոֆոնիայի» ձեռնարկությունների համար ինչպես Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք ունենալու, այնպես էլ Հայաստանի հարեւան Իրանի հետ իրենց հարաբերությունների հաստատման հարցում: Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծմանը եւ այս նախագծում մեր ֆրանկոֆոն գործընկերների մասնակցությունը ողջունելի կլինի:
Վերջում հարկ եմ համարում նշել, որ «տնտեսական ֆրանկոֆոնիան» Ֆրանսիայի միջոցով վաղուց ի վեր իր լուրջ ներկայությունն ապահովել է հայկական շուկայում: Վերջինիս հանդեպ մեծացող հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական խոշոր ձեռնարկությունները, ինչը բացատրվում է, ինչպես վերը նշվեց, մի կողմից Իրանի՝ արտաքին աշխարհին բացվելու հետեւանքով իրանական շուկա մուտք ունենալու հանգամանքով, մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, որը հնարավորություն է ընձեռում մուտք գործելու ռուսական եւ Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներ:
Շնորհակալ եմ քննարկումների համար եւ ուզում եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք ազատ շփումների»,-ասել է տիկին Եսայանը:
ՀՀ Ազգային ժողով