Հոգեբան Սամվել Խուդոյանը աբսուրդ է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը:
Ըստ նրա՝ շատ կանայք են այս օրենքով դատվելու: «Առաջինը կանայք են նստելու, որովհետեւ երեխաների նկատմամբ նրանք են հիմնական բռնություն կիրառողները: Զոքանչների ու սկեսուրների աչքը լույս, որովհետեւ նրանք վերջապես հնարավորություն կստանան ազատվել իրենց ատելի հարսներից ու փեսաներից, ամեն կռիվ օգտագործելով՝ նստացնեն նրանց, ասեն՝ գնացեք ձեր գործին: Աբսուրդ է այս օրենքը: Հոգեբանական, տնտեսական ու սոցիալական կոնֆլիկտ ասելով՝ նրանք չեն պատկերացնում՝ ինչ է դա: Կամ ինչ է նշանակում՝ չես կարող արգելել քո ամուսնուն կամ կնոջը զբաղվել իր սիրած գործով, եթե այն օրենքով արգելված չէ: Ասենք՝ ամուսինը սիրած է պահում, դու իրավունք չունես արգելել, օրենքով արգելվա՞ծ է սիրած պահելը, ոչ, ուրեմն չես կարող արգելել, բռնանալ, այսինքն, կանայք էլ կարող են սիրած պահել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հոգեբանը:
Անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին՝ նա կարծիք հայտնեց, որ ինչքան ուշ պատանին որոշում կայացնի մասնագիտության ընտրության հարցում, այնքան քիչ կսխալվի. «18 տարեկան դեռահասը կողմնորոշվում է պապայի, մամայի, կեղծ ինքնահաստատման, մոդայիկ ֆակուլտետների տեսակետից… 26, 27 տարեկանում մասնագիտություն ընտրի, ավելի քիչ կսխալվի»։
Հոգեբանի խոսքով, ինչքան շուտ գնան բանակ, վերադառնան, այնքան լավ է. «Էդ որ ասում են՝ պարտադիր, անպայման պիտի գաս, ծառայես, հատուկ աշխատանքներ պետք է տարվեն բանակը գրավիչ դարձնելու համար, այն, ինչ վանում է ծնողներին բանակից, դրա դեմն աշխատեն առնել, բանակում ծեծ ու ջարդ կա, էս ամեն ինչը պետք է բացառվի: Բանակը նաեւ բանակի մասնագետներ պետք է պատրաստի»:
Հոգեբանի կարծիքով, պարտադիր զինծառայությունից պետք է ազատվեն ամենախելացիները՝ բացարձակ գերազանցիկները, որոնք միջազգային օլիմպիադաների հաղթողներ են, որովհետեւ. «Որպես կանոն՝ այդպիսի մարդիկ այնքան հեռու են բանակից, ֆիզիկապես էլ, մեկը տեսողություն չունի, մեկն ինքնամփոփ է»:
Այս օրենքը, ըստ բանախոսի, նաեւ լավ միջոց է պայքարել բարձրագույնակրթամոլության դեմ. «Հասարակությունն այդքան պահանջ չունի բարձրագույն կրթության, առավել եւս այսքան անորակ մասնագետների, շատերը հետ կկանգնեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ