Մամուլն առաջին հերթին կարող է հանդես գալ որպես բռնությունը կանխող միջոց,սակայն հաճախ մամուլն է դառնում բռնության օբյեկտ: Մեր իրականության մեջ մենք նույնպես բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ բռնությամբ փակվել է մամուլը, բռնությամբ լրագրողին լռեցնելու փորձ է արվել: Իր անցած ուղու, լրագրողների նկատմամբ բռնությունների մասին խոսեցինք հայ լրագրող, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ ։
-Ձեր հայրը իր ազդեցությունն է ունեցել լրագրողի մասնագիտությամբ զբաղվելու և կայանալու գործում: Ի՞նչ եք կարծում, ո՞վ կլիներ Մարկ Գրիգորյանը, եթե ոչ փորձառու լրագրող:
-Ես համալսարանն ավարտել եմ որպես ռուսաց լեզվի մասնագետ։ Ավարտելով ասպիրանտուրան՝ պաշտպանել եմ ատենախոսություն «Ռուսաց լեզու» մասնագիտությամբ , ապա դասավանդել դպրոցում և Երևանի բուհերում։ Հոդվածներ էի գրում, որոնք տպագրվում էին գիտական մամուլում։ Ես արդեն ուսուցիչ- գիտնական էի, կարծում եմ՝ հենց այդպես էլ կմնայի։
-Մասնագիտական լրագրությամբ սկսել եք զբաղվել 1993 թվականից՝ սկսելով «Սվոբոդա» թերթից։ Ի՞նչ փուլեր հաղթահարելով Մարկ Գրիգորյանը կայացավ որպես լրագրող:
-Առաջին փուլը «Սվոբոդա» թերթն էր, որը սկսեցինք ոչ պրոֆեսիոնալ ձևով, սակայն կարողացանք բավականին արագ աճել և մի քանի համար տպագրելուց հետո թերթը ստացավ լուրջ պարբերականի տեսք և բովանդակություն։
Երկրորդ փուլն իմ մյուս աշխատանքն էր՝ Аrmenian International Magazine, որը տարածվում էր ամբողջ աշխարհով մեկ, այն համահայկական մի ամսագիր էր։ Այստեղ ես սկսեցի գրել անգլերեն և կամաց-կամաց հասկանալ միջազգային լրագրության չափանիշները։ Ապա սկսեցի աշխատել կապված չլինելով որևէ խմբագրության հետ։ Ընկերոջս հետ, որը հայտնի նկարիչ էր, թեմա էինք առաջարկում և սկսում գրել՝ վաճառելով այդ թեմաները տարբեր խմբագրությունների աշխարհի տարբեր ծայրերում.սա ևս շատ կարևոր էր, քանզի սովորեցինք, թե ինչպես կարելի է աշխատել առանց խմբագրության հետ որևէ կապ ունենալու։Եվ իհարկե BBC-ին, որը եւս մի շատ մեծ փուլ էր։ Գուցե ռադիոյում աշխատելն էր մի մեծ փուլ դառնա։
-Ի՞նչը կարող է հիասթափեցնել Ձեզ լրագրողի մասնագիտությունից և ի՞նչը կարող է մոտիվացիա դառնալ:
-Իսկ ինչ-որ բան կարո՞ղ է ինձ հիասթափեցնել (ծիծաղում է.-խմբ)։ Ինչքան հմտանում ես և ավելին իմանում մասնագիտության մասին ՝ կապն ավելի ամուր է լինում։
-Այսօր բազմաթիվ երիտասարդ լրագրողներ դառնում են անվճար ռեսուրս գործատուների ձեռքին՝ այլ ելք չունենալով: Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես խնդիր չեմ տեսնում, որովհետև ամբողջ աշխարհում ևս այդպես է, բուհը չի տալիս այն անհրաժեշտ հմտությունները, որոնք պետք են լրատվամիջոցներում աշխատելու համար. այն ձեռք բերել է հարկավոր։ Այս խնդիրը բոլոր մասնագիտություններն էլ ունեն։ Հմտությունները ստանալու համար պետք է որոշ ժամանակ աշխատել թեկուզ անվճար։ Ճիշտ է, Անգլիայում պետությունն է ապահովում օրինակ ՝ ճանապարհածախսը, բայց ամեն դեպքում ՝ Հայաստանը դեռ Մեծ Բրիտանիայից տարբերվում է։ Եթե լրագրողը զգում է՝ արդեն շատ են շահագործում իրեն, նա պետք է օգտագործի լրագրողական ունակություններն այնպես, որ աշխատանքը շահագործում չդառնա։
-Ըստ Ձեզ, Հայաստանում խոսքի ազատության վիճակը հետընթա՞ց է ապրում, թե՞ առաջընթաց:
-15 տարի առաջ իմ ոտքերի տակ նռնակ են պայթեցնում, 15 տարի հետո ես հանրային ռադիոյի տնօրենն եմ. ես տեսնում եմ ակնհայտ երևացող մի մեծ առաջընթաց։
-Խոսքի և իրավունքի ազատ արտահայտման սահմանափակման մասին վկայում են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, սպառնալը, սպանելը: Ինչի՞ արդյունք են բռնությունները:
-Լրագրողների դեմ բոլոր բռնությունները, բոլոր իրավական և ոչ իրավական քայլերի հիմքում ընկած է ընդհանուր մի բան՝ լրագրողը ցույց է տալիս այն, որ ինչ-որ տարբեր մարդիկ չեն ուզում, որ երևա։ Որպես կանոն, եթե մարդիկ ուժեղ են, իշխանությանը դեմ են կամ եթե խնդիրը կապված է միլիոնավոր դոլարների հետ, պարզ է, որ լրագրողի աշխատանքը վտանգում է հենց իր՝լրագրողի կյանքը։ Օրինակ՝ հրշեջների աշխատանքը ռիսկերի հետ է կապված, ինչքան հրշեջը ավելի պրոֆեսիոնալ եղավ,այնքան ավելի պաշտպանված է աշխատանքների ժամանակ տեղի ունեցող անսպասելի իրադարձություններից։ Լրագրողին իր փորձն ու պրոֆեսիոնալիզմը չի պաշտպանում, գուցե և ընդհակառակը՝ լրագրողի փորձը կարող է խթան հանդիսանալ բռնություն գործադրողների համար։ Իհարկե, լրագրողները, ովքեր աշխատում են պատերազմական իրավիճակներում, միշտ ավելի մեծ վտանգի տակ են, քան նրանք, ովքեր ավելի հանգիստ պայմաններում են աշխատում։ Միևնույն ժամանակ կարելի է գրել նորաձևության մասին և մեծ խնդիրներից խուսափել։
-Բոլորին հայտնի է Ձեր դեմ իրականացված մահափորձի դեպքը, որն այդպես էլ չբացահայտվեց: Կպատմե՞ք այդ մասին՝ նշելով, թե արդյո՞ք ինչ-որ բան փոխվեց Ձեր մեջ:
-Ամբողջ կյանքս փոխվեց, ընտանիքիս կյանքը փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Ինձ համար շատ կարևոր էր այդ ամենից հետո վերադառնալ մասնագիտություն և նորից լինել լրագրող։ Այդ ամենից հետո ես սկսեցի նորից ապրել և գնահատել աշխարհը։ Իմ բախտը բերեց, ու ես դա գիտակցում եմ և աշխատում, որ իմ գործելակերպը լինի իմ սահմաններում։
-Լրագրողը պիտի՞ վախենա որոշակի հարցերի մասին խոսել, բարձրաձայնել:
-Ոչ, լրագրողը պիտի լինի խելոք, գուցե և մի փոքր զգույշ ։ Լրագրողը պիտի կարողանա հարցի ձևակերպումը անել այնպես, որպեսզի պատասխան ստանա։
-Վտանգե՞ լ կյանքը հասարակության շահի համար, թե՞ լռել հիասթափվելով։
-Այս հարցը փակ հասարակության համար է, երբ որ նույն հասարակությունից դուրս գալու հնարավորություններ չկան։ Ես դուրս եկա, աշխատեցի, վերադարձա, ապա շարունակում եմ աշխատել, և պարզվեց՝ ոչ մի հիասթափություն չկար։ Ինչո՞ւ վտանգեմ կյանքս, եթե ես կարող եմ ամեն ինչ ասել առանց վտանգելու այն։ Լրագրողի պրոֆեսիոնալիզմը ենթադրում է, որ մենք պիտի ասենք վիրավորական բաներ առանց վիրավորելու, խիստ ձևով։ Ճշմարտության համար պայքարի մեջ կարելի է կյանքը զոհել, բայց կարելի է պայքարել ճշմարտության համար նաև առանց կյանքը վտանգելու։
Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ