Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանն առաջարկում է զինվորին փող չտալ, որ ձեռքից չվերցնեն, տալ ապրանքը, Վիգեն Սարգսյանը դեմ է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 13:34

Խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը շարունակվում է: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչու են հոգեւորականին տարկետում տալիս, իսկ պատմաբանին, չէ: Դա հակասում է այն սկզբունքին, որ բոլորը պետք է ծառայեն:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ օրենքում չկա ոչ մի տեղ, որ հոգեւորականն ազատվում է. «Նրանք ազատվում են կառավարության որոշմամբ: Այլ բուհերում տարկետում կա եւ պատճառ չկա, թե ինչու Գեւորգյան ճեմարանում սովորողին չպետք է տալ: Եթե տարկետումը լրիվ վերանա, ես համաձայն եմ, որ որեւէ մասնագիտության համար չլինի բացառություն»:

Միհրան Պողոսյանն էլ հարցրեց զինծառայողներին տրվող դրամական բավարարումից. «Չե՞ք կարծում, որ դրամական բավարարումը պետք է փոխարինվի իրային բավարարմամբ, դրանով կտնտեսվի ֆինանսական ռեսուրսներ, կբարձրանա արդյունավետությունը: Գիտեմ, որ զինծառայողները գնումներ են կատարում հարակից վաճառակետերից, շատ ավելի բարձր գներով բնականաբար կգնեն այն, ինչ գնում են եւ Աստված գիտի, թե ինչ որակի պարագաներ կգնեն: Չե՞ք տեսնում վտանգ, որ գումարը, որը տրամադրվում է զինծառայողներին, նպատակային չեն ուղղվի, այդ գումարը կծախսվի այլ բաների համար, որի արդյունքում բանակն այլ խնդիրներ կունենա»:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ զինծառայողին բավարարում են ե՛ւ դրամային, եւ իրային. «Կան պարագաներ, որ ստանում է իրային տեսքով, մի շարք պարագաներ, ժամանակին հաշվարկվել է, որ ասենք՝ ատամի մածուկը, թրաշի փրփուրը ամեն մեկինը յուրահատուկ է, կոնկրետ մի տեսակ է մեկը օգտագործում, մեկը կա՝ առհասարակ դեռ չի թրաշվում, հաշվարկվեց, որ ավելի լավ է այդ փողը տանք, ամեն մեկն իր համար ընտրի եւ ձեռք բերի: Կան տեղեր, որ ընտրությունը սահմանափակ է, այդ գումարները այլ նպատակների համար հավաքում են, մենք շատ խիստ պատժում ենք դա, մի շարք տեղերում քրգործեր են հարուցվել վերջին կես տարում՝ այդ գումարները հավաքելու հետ կապված»:

Նախարարը ուշագրավ հայտարարություն արեց, որոշ տեղերում արդեն անցել են անկանխիկ համակարգի, զինվորի գումարը տալիս են քարտով եւ զորամասերում, խանութներում վճարման տերմինալներ եւ բանկոմատներ են տեղադրում, որը կնվազեցնի այդ ռիսկերը:

Միհրան Պողոսյանն ասաց, որ որպես տնտեսագետ կարծում է՝ ֆինանսական ռեսուրսները արդյունավետ չեն ծախսվում, պետք է վերանայել: Ըստ նրա, չպետք է հարստացնել ինչ-որ վաճառակետերի, պետք է համակարգված կազմակերպել եւ այդ ֆինանսական ռեսուրսները շատ ավելի արդյունավետ օգտագործել:

Նախարարը պատասխանեց, որ վստահ չէ, օրինակ, ինքը դեմ է, որ զինվորին ծխախոտ տան, մեկը կոնֆետ է գնում, մեկը՝ ծխախոտ, մարդ կա՝ էլեկտրական մեքենայով է սափրվում. «Իրեն թրաշի փրփուր ենք տալիս, որ ի՞նչ անի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031