Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Սերժ Սարգսյան-Ալիեւ անձնական հարաբերությունների մասին

Հոկտեմբեր 25,2017 13:45

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ՊՆ-ում ՀՀ նախագահը տղամարդավարի գնահատականներ է տվել ադրբեջանական չինովնիկների հայտարարություններին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի Ձայն»-ին մտահոգություն էր հայտնել՝ կապված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակի հետ, որտեղ վերջինս առաջարկել է Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները փոխանցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին: Դեսպան Քավանոյի խոսքով՝ նամակն իր համար անակնկալ է եղել. «Ինձ դա անհանգստացնում է, քանի որ կարծում եմ՝ Միացյալ Նահանգների համար կարեւոր է պահպանել եռանախագահությունում ներկայությունը. դա այն հավասարությունն է, որին կողմերն արդեն սովորել են»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հարցրեց՝ եթե ԱՄՆ համանախագահի հաստիքը կրճատվի, ի՞նչ վտանգ կարող է լինել դրանից: Նա պատասխանեց. «Կարծում եմ, որ վտանգների մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ եռանախագահող երկրներից յուրաքանչյուրն իր հաստիքացանկի, արտգործնախարարության կամ որեւէ այլ պետական կառույցի կառուցվածքի ներսում է ամփոփում տվյալ մարդկանց աշխատանքի պաշտոնը, վարձատրումը եւ այլն: Դա կոնկրետ համանախագահող երկրների կազմակերպչաիրավական խնդիրն է: Այդ տեղեկությունից որեւէ վտանգ չեմ տեսնում՝ կապված Մինսկի խմբի գործունեության, եռանախագահողների ձեւաչափի փոփոխության հետ: Անձերն էլ են կարեւոր, բայց չեմ կարծում, որ ԱՄՆ-ի նման գերտերության քաղաքականությունն ու վերաբերմունքը շատ է կախված այն անձից, թե ով է համանախագահում: Դետալների մեջ՝ գուցե, տակտիկայի մեջ՝ գուցե, անձնական հմտությունների, տարածաշրջանային գիտելիքների, ճկունության մեջ՝ գուցե, բայց շահերի եւ սկզբունքների առումով՝ ոչ»:

Հարցին՝ դրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ հիմա իրենց քիչ է հետաքրքրում Ղարաբաղի կոնֆլիկտը, Աշոտյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ պետք է նման տեսակի մեկնաբանությունների արժանացնել: Ծանոթ չեմ նամակի հիմնավորումներին, բոլոր դեպքերում ԱՄՆ-ը շատ լուրջ պետություն է, որպեսզի նման վերաբերմունքի փոփոխությունը ձեւակերպի, այսպես ասած, հաստիքի փոփոխության ձեւով՝ հաշվի առնելով նաեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության կարեւորությունը նաեւ ԱՄՆ-ի համար, ինչպես մնացած գերտերությունների համար: Թե ինչպես են ձեւակերպվում համանախագահողները՝ որպես իրենց արտգործնախարարությունների, կառավարությունների, թե նախագահական աշխատակազմերի աշխատակիցներ, կարծում եմ՝ պետք է շատ քիչ հետաքրքրի, կարեւոր է, որ ձեւաչափը շարունակի շատ էֆեկտիվ աշխատել՝ մնալ բացառիկ լեգիտիմ, իրավական մանդատ ունեցող ձեւաչափ, որն ի զորու է զբաղվել Արցախյան հիմնախնդրով»:

Դեսպան Քավանոն հիշեցրել է, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը հաստատել են ոչ պաշտոնական հարաբերություններ. «Նրանք ընկերներ չեն եղել, սակայն հասկանում էին միմյանց եւ կարողանում էին սերտորեն աշխատել միասին»: Ըստ դեսպանի՝ նախագահների միջեւ ոչ պաշտոնական հարաբերությունները կարգավորման բանալիներից մեկն է:

Պատրաստվո՞ւմ է արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը անձնական հարաբերություններ ունենալ Ալիեւի հետ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Դժվար է մխրճվել երկու անձանց անձնական հարաբերությունների մեջ, գնահատականներ տալ, խորհուրդներ տալ՝ հատկապես, եթե այդ անձինք նախագահներ են, հատկապես՝ հակամարտող երկրների: Դա անշնորհակալ եւ անպտուղ գործ է: Ակնհայտ է, որ միջազգային դիվանագիտության մեջ կա նման երեւույթ, որ եթե պետությունների ղեկավարների միջեւ, այսպես կոչված, քիմիան դրական է, հարաբերությունները գուցե ավելի արդյունավետ են երեւում, եւ հակառակը՝ եթե քիմիա չի լինում, հարաբերությունները անարդյունավետ են երեւում, բայց դրանից իրական արդյունավետության գործակիցը քիչ է փոխվում: Օրինակ՝ ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի եւ Իսրայելի վարչապետի անձնական հարաբերությունները շատ վատ էին՝ ըստ լրատվամիջոցների, բայց դա որեւէ կերպ չէր ազդում ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների վրա: Կարող է նկարները լավ չէին ստացվում, եւ տեսանկարահանումները լավ չէին ստացվում, գուցե գլամուրային ամսագրերի առաջին էջի նկարներ չէին լինում, բայց կարծում եմ, որ անձնական հարաբերություններն ու կոնտակտը կարեւոր են վստահության վերականգնման տեսակետից: Մենք ունենք վստահության ճգնաժամ՝ կոնկրետ ադրբեջանա-արցախյան սահմանին, եւ այսօր նախագահը նաեւ իր ելույթում ՊՆ-ում ասել է, որ ինքը որեւէ պայմանավորվածություն երբեք չի խախտում եւ տղամարդավարի գնահատականներ է տվել, անդրադարձել նաեւ ադրբեջանական որոշ միջին տրամաչափի չինովնիկների հայտարարություններին՝ ժնեւյան հանդիպումից հետո»:

Ինչ վերաբերում է Քոչարյան-Հեյդար Ալիեւ անձնական հարաբերություններին, Արմեն Աշոտյանը նկատեց, որ անգամ դա չի նպաստել հարցի լուծմանը:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հեյդար Ալիևը պարտվածի դիրքից էր հանդես գալիս,նրա որդին՝հոր վրեժը լուծելու դիրքից….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031