«Բնականաբար, խնդիրը առկա է, եւ այն պետք է կանխարգելվի, բայց մտահոգությունս կայանում է նրանում, որ օրինագծում որոշ ձեւակերպումներ անորոշ են»,-Փաստաբանների պալատում այսօր աշխատանքային քննարկման ժամանակ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի շուրջ այսպիսի կարծիք արտահայտեց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նրա համար օրինագիծը ներկայիս տեսքով ընդունելի չէ. «Չեմ ուզում բռնություն լինի, բայց վախենում եմ այլ բանից. պետական մարմնին լիազորություն տալով՝ այլ խնդիրներ կառաջանան: Իսկ եթե անձն, օրինակ, բռնության ենթարկվի ապաստարանո՞ւմ: Հարց է առաջանում՝ եթե անձն ընտանիքում կարող է բռնության ենթարկվել՝ իրեն ծնած եւ ամենահարազատ մարդու կողմից, ապա ապաստարանի աշխատակազմն էլ կարող է բռնության ենթարկել: Օրինագիծը չի լուծել այս խնդիրը եւ երաշխիքներ չի տվել»:
Արա Զոհրաբյանը ծայրահեղ որակեց կարծիքները, թե օրինագիծն ընտանիք քանդելու նպատակ ունի. «Նախագիծը պետք է պայքարի բռնության դեմ եւ չվնասի ընտանիքի ինստիտուտը: Նրանք, ովքեր ծնողի պարտավորություններ են կատարում, չպետք է հայտնվեն «բռնարար» բնորոշման մեջ: Ծնող-երեխա հարաբերություններում պատիժը լինելու է. նկատի չունեմ՝ ֆիզիկական կամ սեռական բռնություն… Պետությունն էլ է պատժում, երբ, օրինակ, երթեւեկության կանոն ենք խախտում: Պատիժը միշտ կիրառվում է՝ բոլորի հանդեպ: Երեխային սահմանափակելը չպետք է համարվի բռնություն: Իհարկե, խոսքն այն սահմանափակման մասին չէ, որը երեխայի կյանքի եւ առողջության խնդիր է առաջացնում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ