«Դուք ասել եք, որ որոշ մասնագիտությունների գծով զինակոչային տարիքի երիտասարդները կունենան արտոնություն, արդյոք մտավախություն չկա՞, որ մեր երիտասարդների մեծամասնությունը կսկսեն ընտրել այդ մասնագիտությունները եւ կավելանան ինչպես կոռուպցիոն ռիսկերը, այնպես էլ ոչ նպատակային մասնագիտությունների ընտրությունը»,- այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:
Նախարարը պատասխանեց. «Ես նման բան չեմ ասել, դա հերթական անգամ մամուլի սխալ ընթերցումն է իմ ներկայացրած օրենքի կամ չընթերցումը: Մենք նման բան չենք նախատեսում, նախատեսում ենք, որ որոշ մասնագիտություններով կարող է «Պատիվ ունեմ» ծրագրով թույլ տալ ոչ թե եռամյա ծառայության առաջնագծի տարբերակը, այլ ՌԱՊԿ-ում հնգամյա ծառայությունը, եթե գիտական ներուժ կա: Եթե դա խթանի տեխնիկական գիտությունները փայլուն արդյունքներով երիտասարդների հոսքը, մենք ուրախ կլինենք, ակնկալում ենք ընդհանուր թվի ոչ ավելի քան 10 տոկոսը նման ծրագրով տրամադրել»:
Վարդեւան Գրիգորյանն ասաց, որ նախագծով տաղանդավոր մարզիկների հարցը կա. «Մարզական վաշտի գործունեությունը կասեցնում եք եւ կառավարության տարկետմամբ մարզիկներին տալիս եք հնարավորություն իրենց մարզական գործունեությունը շարունակելու: Մշակվե՞լ է որոշակի կարգ՝ կառավարության կողմից նման արտոնություն տալու համար»:
Նախարարը պատասխանեց, որ արդեն երկրորդ զորակոչն է, այնտեղ որեւէ մարզիկ չեն զորակոչում. «Տանում ենք վաշտը դեպի կրճատում եւ նոր քաղաքականություն ենք որդեգրել: Արդյունք գրանցած մարզիկները ստանում են տարկետում 4 տարով՝ կրկնելու համար: Չափորոշիչը օբյեկտիվ է՝ օլիմպիական խաղեր, աշխարհի մրցաշար, Եվրոպայի մրցաշար, պատանեկան խաղեր՝ առաջին 4 տեղեր գրավելը: Այդտեղ որեւէ միջամտություն չի կարող լինել»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ պատնեշ է ստեղծվում օրենքով՝ իրական գիտությամբ զբաղվողների համար: Նախարարը պատասխանեց, որ 18 տարեկանում որեւէ մեկը չի կարող ասել՝ նա գիտությամբ է զբաղվելու, թե՞ չէ: Կարող է քննությունը հաջողակ հանձնեն, բայց ապագա գիտակ չլինեն: Միայն մեր ընկալման մեջ է բակալավրիատն ու մագիստրատուրան անընդհատ ցիկլ. «Մենք գիտության առումով ոչ թե հետ ենք գնալու, այլ առաջ ենք գնալու, մեր գիտությամբ զբաղվողները դառնալու են բովանդակային, դառնալու են նրանք, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել, ոչ թե այդ գրքույկով խուսափեն զինծառայությունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ