Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Սերժ Սարգսյանը եթե գիտեր`ժպտալն արգելվա՞ծ է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 12:49
armen rustamyan

«Ադրբեջանը միայն մեկ ձեւ է պատկերացնում հարցի լուծումը`ինքը ոչ մի զիջում չանելով, հարցը պետք է կարգավորվի: Բնականաբար, ամեն անգամ, հանդիպումների ժամանակ բախվում է պատին եւ նորից վերադառնում է իր ելակետին: Այսինքն`հարցը լուծի ուժային միջոցներով, պատերազմով, շանտաժի լեզվով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով դիտարկմանը, որ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ՀՀ նախագահը հայտարարեց, որ սահմաններում լարվածությունը թուլացնելու մասին համաձայնության են եկել ադրբեջանցի գործընկերոջ հետ: Սակայն, այդ պայմանավորվածությունից տառացիորեն օրեր անց, Ադրբեջանն անցավ իր նախկին գործելաոճին: Երեկ կրկին սահմաններում լարված է եղել, հակառակորդն ականանետեր է կիրառել:

«Շատ հստակ է`կամ բանակցում ենք, կամ`պատերազմում ենք: Ադրբեջանը փորձում է այդ երկուսը համատեղել, որը անհնար է: Բնական է, որ մեր կողմից էլ արձագանքը շատ հստակ պետք է լինի`մենք երկու դաշտում էլ պետք է աշխատենք, երկուսին էլ պետք է պատրաստ լինենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Aravot.am-ի հարցին`հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը շատ լավատեսորեն էր տրամադրված, իր ժպիտն ու լավատեսությունը շատ քննարկվեց-քննադատվեց. ո՞րն էր լավատեսության հիմքը, առաջին անգա՞մն էր Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում-պայմանավորվածությունը, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես անձամբ հանդիպմանը չեմ եղել, բայց կարծում եմ, որ լավատեսության հիմքն այն է եղել, որ հանդիպման ժամանակ Ալիեւի պահվածքը այլ է եղել»,- ասաց նա` նկատելով, որ Ադրբեջանի նախագահը միշտ այլ պահվածք է դրսեւորում, հանդիպումներից հետո վերադառնում է իր «ելման կետին»: Դիտարկմանը`Սերժ Սարգսյանը դա չգիտե՞ր, պատասխանեց. «Սերժ Սարգսյանը եթե գիտեր`ժպտալն արգելվա՞ծ է»:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը, մանավանդ, մեկ անդամ դա արդեն արել են:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031