ՀՀ Փաստաբանների պալատում այսօր աշխատանքային խմբի քննարկում է ընթանում, որի նպատակն է՝ գործակցել այն հ/կ-ների հետ, որոնք առնչվում են կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախատեսում են այցելություններ մասնավոր ապաստարաններ՝ արձանագրելու համար, թե դրանք իրենցից ինչ են ներկայացնում եւ ինչ պայմաններ ունեն:
«Իրավական վերլուծություն պետք է իրականացվի՝ բռնության տեսակների եւ դրանց կանխարգելման հնարավորությունների մասին: Օրինակ՝ կնոջը չեն թույլ չեն տվել համացանցից օգտվել, երեխային են ծեծել, կնոջ աշխատավարձը ձեռքից վերցնել են. Գուցե բռնության նոր տեսակ սահմանելու անհարժեշտությո՞ւն կա»,-նկատեց Արա Զոհրաբյանը:
Նա նաեւ նշեց, որ նախատեսվելիք հետազոտության եւ իրավական վերլուծության արդյունքում Փաստաբանների պալատը հանդես կգա «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկոտ օրինագծի շուրջ առաջարկներով:
Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին 2010թ. եվրոպական երկրներում իրականացված հետազոտության տվյալներ, համաձայն որոնց՝ ընտանեկան բռնության առաջին երեք պատճառներն են ալկոհոլի, թմրանյութի օգտագործումը, գործազրկությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ