Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 1600 տոննա ծիրան 451 հազար դոլար արժողությամբ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն ծիրանից Ռուսաստան էր արտահանվել 6 հազար 200 տոննա 2.6 միլիոն դոլար արժողությամբ։ Այսինքն, քանակական առումով ծիրանի արտահանումը ՀՀ-ից ՌԴ նվազել է 3.8 անգամ, իսկ գնային առումով՝ 5.8 անգամ։ Էլի մի համեմատություն, անցած տարի մեկ կիլոգրամ ծիրանը Ռուսաստան է արտահանվել 40 ցենտով, այս տարի՝ 28 ցենտով։
Այլ մրգեր։ Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 285 տոննա խնձոր, տանձ, սերկևիլ՝ 57 հազար դոլար արժեքով։ Անցած տարի արտահանվել էր 2 հազար 314 տոննա՝ մեկ միլիոն 628 հազար դոլար ընդհանուր արժեքով։ Քանակական իմաստով նվազումը 8 անգամ է, գնային առումով՝ 30 անգամ։
Խաղողի պահով ընդհանրապես համեմատություն չկա, քանի որ անցած տարվա առաջին կիսամյակում արտահանվել էր 85 տոննա, այս տարի՝ ոչ մի կգ։
Բանջարեղենի մասով պաշտոնական տվյալները այսպիսին են. այս տարի արտահանվել է 18 հազար 500 տոննա լոլիկ, անցած տարի՝ ավելի քան 30 հազար տոննա։ Նվազումը՝ 1.6 անգամ է։ Գնային առումով նվազումը 2.1 անգամ է։ Այս տարի արտահանվել է 392 տոննա վարունգ, անցած տարի՝ 320 տոննա։ Նվազումը՝ 2.3 անգամ է։ Գնային առումով նվազումը 5.3 անգամ է։
Այլ կերպ ասած, ՌԴ շուկան այս երկու տարվա ընթացքում կորցրել է հետաքրքրությունը հայկական մրգի ու բանջարեղենի նկատմամբ։ Այն գնահատվում է ավելի էժան ու ավելի քիչ է սպառվում ՌԴ-ում։
Պանրի մասով պատկերը հետեւյալն է: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ՌԴ արտահանվել է 3 հազար 877 տոննա պանիր, այն դեպքում, երբ անցած տարի այդ ցուցանիշը 3 հազար 300 էր։ Այսինքն, այստեղ կա աճ։ Սակայն գնային առումով վիճակը շատ վատ է: Արտահանված մեկ կիլոգրամ պանրի արժեքը անցած տարի եղել է 2.5 դոլար, այս տարի՝ 1.2 դոլար։ Այս դեպքում նույնպես ակնհայտ է, որ ՌԴ շուկայում մեր պանիրը կորցրել է մրցունակությունը եւ պահանջարկի աճը ստացվել է միայն գնի՝ երկու անգամ նվազեցման շնորհիվ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում