Հայաստանի ու Եվրամիության միջեւ կնքվելիք «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տեքստը, որը բաղկացած է 357 էջից, հոկտեմբերի 13-ին հրապարակվեց ու զուգահեռաբար շրջանառվեց դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում տեղի ունենալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Բայց, մինչ այդ, տարբեր հարթակներում հնչում են մտահոգություններ փաստաթղթում տեղ գտած որոշ դրույթների շուրջ, մասնավորաբար Մեծամորի ատոմակայանի առնչությամբ:
Հարցի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։
–Հայաստան–Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի համաձայն՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունը, պարզվում է, Մեծամորի ատոմակայանի փակում է ենթադրում: Մասնագիտական, քաղաքական շրջանակներում արդեն իսկ արտահայտվում են լուրջ մտահոգություններ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Մեծամորի ատոմակայանի փակման շուրջ խոսակցությունը նոր չէ, որ շրջանառվում է, այն վաղուց է դարձել քննարկման առարկա: Մենք այս խնդրով քննարկումներ ենք ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Ասեմ, որ ամեն տարի ՄԱԳԱՏԷ-ն մոնիտորինգ է իրականացնում աշխարհի տարբեր երկրների աշխատող ատոմակայաններում, այդ թվում՝ Հայաստանի, սա նշանակում է, որ մեր ԱԷԿ-ը գտնվում է բազմակողմանի վերահսկողության տակ: ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքում տեղադրված են մասնագիտական հաշվետվություններ, որոնցում Հայկական ատոմակայանի մասին գրված է, որ այն վտանգ չի ներկայացնում ու խնդիրները վերահսկելի են։
Միաժամանակ նաեւ այն կարծիքին ենք, որ ատոմակայանը չի կարող հավերժ գործել՝ սարքավորումների մաշվածության պատճառով։ Վաղ թե ուշ այդ խնդրին պետք է անդրադառնանք ու մտածենք նորացման մասին: Միջազգային կառույցների հետ բանակցությունների ժամանակ նույնպես մենք այս հարցերը մշտապես բարձրացրել ենք:
Դառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ նկատենք, որ չնայած այնտեղ կա ատոմակայանի փակման մասին դրույթ, բայց նշված չէ, որ ատոմակայանն անհապաղ պետք է փակվի, այսինքն՝ համաձայնագրում չկան փակման մասին կոնկրետ ժամկետներ: Համաձայնագիրն առաջարկում է հաստատել ճանապարհային քարտեզ, գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ:
Մենք երբեւէ չենք ասել, որ ատոմակայանը հավերժական է: Բայց նաեւ պետք է հիշենք, որ ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 35-45 տոկոսը, մեր երկիրն ապահովում մատչելի էլեկտրաէներգիայով: Հետեւաբար մինչ փակման մասին խոսելը հարկավոր է ստեղծել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:
Մշտապես ասել ենք, որ ունենք էներգետիկ այլընտրանքի անհրաժեշտություն, ու բոլորի համար պետք է պարզ լինի՝ քանի դեռ չկան այլընտրանքային տարբերակներ, քանի դեռ Հայաստանը լիարժեքորեն ապահովված չի լինի էլեկտրաէներգիայով, ատոմակայանի փակման հարցին մենք չենք անդրադառնալու:
Ինչ վերաբերում է ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը, այն մնում է իշխանության օրակարգում. այդ խնդիրը մենք պետք է լուծենք:
–Առ այսօր ԱԷԿ–ի հետ կապված բոլոր խնդիրները քննարկվել են ՄԱԳԱՏԷ–ի հետ, մինչդեռ ՀՀ–ԵՄ համաձայնագրում տեղ գտած հոդվածի համաձայն, ՄԱԳԱՏԷ–ից բացի նման իրավասություն է ստանում նաեւ «Եվրոատոմը»։ Ավելին՝ վերջինս իրավասու կլինի արգելափակել ԱԷԿ–ի նոր բլոկի շինարարության ժամանակ այլ տեխնոլոգիաների օգտագործումը, եթե դրանք իր համար չլինեն նախընտրելի: Ու բացառված չէ, որ քաղաքական շահերով պայմանավորված՝ արգելվի ռուսական տեխնոլոգիաների օգտագործումը։
-Իհարկե, կարող են լինել ինչ-ինչ շահեր, բայց մենք էլ մեր շահերն ունենք: Հետեւաբար «Եվրոատոմի» հետ ձեռք կբերվի համաձայնություն, մենք կօգտագործենք այն տեխնոլոգիաները, որոնք Հայաստանը նպատակահարմար կհամարի:
Մենք պետք է ներմուծենք ու օգտագործենք միայն ԱԷԿ-ի չափանիշներին համապատասխանող եւ ոչ թե դրանց հակասող տեխնոլոգիաներ, որպեսզի ունենանք ատոմակայանի շահագործման երկարաժամկետ գործընթաց: Հետեւաբար չենք կարող բերել ինչ-որ մի բան, որը դեմ կլինի արդեն իսկ օգտագործված ընդհանուր տեխնոլոգիային: Ես դա առհասարակ բացառում եմ:
Ա. Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում