Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու երեխա որդեգրելով՝ 18 տարեկանը բանակից չի ազատվի. Վիգեն Սարգսյանը խիստ մոտեցում է ամրագրել օրենքում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 11:46

ԱԺ-ում  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծն է քննարկվում:

Նախագծում թվարկված են ընտանեկան պայմաններից ելնելով քաղաքացուն տրվող տարկետման հիմքերը եւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց. «Մենք ամբողջ մեր ընտանեկան օրենսդրությամբ, իրավական դաշտում որդեգրված երեխաների եւ ծնողների հետ կապված հավասարեցնում ենք նրանց ծնունդով երեխաներին, սա առաջին բացառությունն է, արդյոք նշանակո՞ւմ է, որ բացառություն են դառնում որդեգրված երեխաները եւ քաղաքացուն տարկետում չի տրվելու այդ իմաստով»:

Նախարարը պատասխանեց՝ «Մեր քաղաքականությունը կարող է տարբերվել այլ դեպքերից: Մենք խոսում ենք 18 տարեկան տղաների մասին, նրանց կողմից 2 երեխա որդեգրելը կարող է ֆորմալ հիմք ստեղծել տարկետման համար, դրա համար միգուցե ավելի խիստ է կարգավորումը, քան որդեգրման այլ դեպքերում, որեւէ բան չի խանգարում երիտասարդին ծառայել բանակում եւ գալ որդեգրել երեխաներ, եթե ինքն այդպիսի ցանկություն ունի»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այդ տարիքի անձանց համար գուցե փորձենք այլ օրենքներում փոփոխություններ կատարել, սահմանափակումներ մտցնել: Առաջարկը կքննարկվի:

Նախագծում ձեւակերպում կա, որ «եթե քաղաքացին անչափահաս տարիքում ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա եւ որդեգրվել է խնամատար հաստատությունից», կարող է նրանց տարկետում տրվել, մինչդեռ կարող է որդեգրում լինել ոչ խնամատար հաստատությունից, բարեկամները, օրինակ որդեգրեն, այդ երեխան չի՞ օգտվելու տարկետումից:

Նախարարը պատասխանեց, որ հազվագյուտ չեն դեպքերը, երբ նույն ընտանիքի մեջ կատարվում են որդեգրումներ հորեղբոր կողմից, որեւէ այլ ազգականի, որը արտոնությունից օգտվող անձ է, ասենք, հաշմանդամության կարգ ունի եւ ֆորմալ հիմք է ձեւավորվում տարկետման համար: Դրա համար հաստատություններ են ֆիքսել: Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրական կյանքում կարող է ծնողները զոհվեն ավտովթարից, որեւէ դժբախտ պատահարից եւ ընտանիքի անդամը որդեգրի երեխաներին:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ եթե այդպիսի բացառիկ դեպքեր լինեն, ունենք դրույթ, որը թույլ է տալիս բացառիկ դեպքերում տալ տարկետում: Ըստ վիճակագրության, այդպիսի դեպքերը տարիների ընթացքում լինում են եզակի. «Կարող ենք այդպիսի ընտանիքի համար կառավարության որոշմամբ բացառություն սահմանել: Դրա համար առաջարկում եմ օրենքում թողնել խիստ կարգավորումը եւ առանձին դեպքերում այլ որոշում կայացնել: Բոլոր բացառությունները եւ տարկետումները մտադիր ենք դարձնել թափանցիկ հանրության համար, կայքում զետեղել այն տեղեկատվությունը, որը հանրությանը կհետաքրքրի տարկետումների հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031