Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ հայտարարության նախագիծը, որը ԵՄ անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերյան գագաթնաժողովում.  «Ազատություն» ռադիոկայան

Հոկտեմբեր 25,2017 11:32

Եվրոպական ընտանիքի անդամ 28 պետությունները ողջունում են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, միաժամանակ ընդգծում՝ հարաբերությունների հետագա սերտացումը կախված է կայուն բարեփոխումների ընթացքից:

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակցի ձեռքի տակ է հայտնվել համատեղ հայտարարության այն նախագիծը, որը Եվրամիության անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում. հենց այդ հավաքին էլ, ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստանի հետ Եվրամիության նոր համաձայնագիրը:

Հայտարարության նախագծով Բրյուսելը վերստին աջակցություն է հայտնում նախկին Խորհրդային Միության վեց պետությունների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը՝ փաստելով. – «Հետագա համագործակցության շրջանակը և խորությունը որոշելիս հաշվի են առնվելու ոչ միայն երկկողմ կարիքները և հավակնությունները, այլև՝ իրականացվող բարեփոխումների ընթացքն ու որակը»:

Պատրաստակամություն հայտնելով շարունակել ֆինանսական աջակցությունը գործընկեր երկրներին, նախագիծը շեշտում է՝ օգնության չափը կախված է լինելու հստակ բարեփոխումներից․ ավելի շատ կստանան այն երկրները, որոնք ավելի արդյունավետ քայլեր կձեռնարկեն ժողովրդավարություն, օրենքի գերիշխանություն ու ազատ շուկայական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Առանց որևէ պետություն մատնանշելու՝ փաստաթղթի նախագիծը նաև շեշտում է, որ Արևելյան գործընկերությունը միտված չէ որևէ երրորդ երկրի դեմ, ինչպես նաև վերահաստատում, որ ցանկացած երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ ինչպես է ցանկանում շարունակել հարաբերությունները Եվրամիության հետ:

Ի տարբերություն երկու տարի առաջ Ռիգայում ընդունված համատեղ հայտարարության, այս տարվա նախագծում բավական ընդհանուր են ձևակերպումները տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ: Հասցեական չառանձնացնելով որևէ տարածքային վեճ՝ նախագիծը կոչ է անում ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական զարգացման համար», – ասված է փաստաթղթում:

Նախագծի տեքստն արդեն համաձայնեցվել է Եվրամիության անդամների միջև և այժմ ուղարկվել է Արևելյան գործընկերության երկրներ: «Փաստաթուղթը մինչև նոյեմբերյան գագաթնաժողովը կարող է և խմբագրվել, սակայն լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում», – հաղորդում է «Ազատության» Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվիակը՝ փաստելով․ – «Եվրամիության անդամ 28 երկրները հազիվ թե ետ կանգնեն ձևակերպումներից, որոնց շուրջ համաձայնության գալու համար նրանցից ավելի քան երեք ամիս ժամանակ է պահանջվել»:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հիշեցնենք, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին:

Հեղինե Բունիաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031