ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական գործունեության մեկնարկը ազդանշող հանդիսավոր նիստում, որին մասնակցում էին ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ և ՀՀ Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:
Մեծարգո´ պարոն Նախագահ,
Հարգելի´ պարոն նախարար,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, հյուրեր
2016 թ. հունվարի 28-ին այս դահլիճում կայացավ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հանդիսավոր բացումը՝ հանրապետության Նախագահի առաջնորդությամբ: Դրան մասնակցում էին պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի ղեկավարության ներկայացուցիչներ, մեր ամերիկյան ու ռուսաստանյան խորհրդատուներ և դեսպաններ: Այն ժամանակ գործում էր միայն համալսարանի գիտահետազոտական բաղադրիչը՝ ի դեմս ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի: Այսօր կայանում է համալսարանի կրթական բաղադրիչի հանդիսավոր մեկնարկը:
Հանրապետության անվտանգային քաղաքագիտության համար սույն կարևոր իրադարձությունը հնարավոր է դարձել շնորհիվ նախկին Պաշտպանության նախարար, գործող Նախագահ պարոն Սարգսյանի, որի հովանավորությամբ 2003 – 2004 թվականներին մշակվեց և փուլայնորեն իրագործվում է Հայաստանի պետական «խելացի ուժի» այս գործիքի կայացումը:
Համալսարանի բացումից անցած ժամանակահատվածը կարելի է գնահատել որպես արգասաբեր:
Ավելի են սերտացել և ոլորտների առումով ընդլայնվել մեր կապերը գերազանցության գլխավոր կենտրոնների, առաջին հերթին ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի ու Հարվարդի համալսարանի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ: Այդ համագործակցությունը դրսևորվել է ինչպես նրանց մեթոդաբանական աջակցությամբ, այնպես էլ մեր երիտասարդ գիտնականների տարաժամկետ ստաժավորումների ձևով:
Դրա արդյունք է Հայաստանի կիբեռռեսուրսների կառավարման համակարգի երկու անկյունաքարային փաստաթղթերի մշակումն ու փորձաքննությունը: Դրանցից առաջինը կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծն է, որը պաշտոնապես ներկայացվել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Մյուսը Հայաստանի կիբեռռեսուրսների կառավարման ազգային համակարգի նախագիծն է: Դրանում առաջարկվում է միջգերատեսչական խորհրդատվական մարմնի` տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների խորհրդի ձևավորում: Խորհրդի կազմում նախատեսվում է ներգրավել գերատեսչությունների ղեկավարների պրոֆիլային տեղակալներին և ոլորտի մասնավոր հատվածի առավել հեղինակավոր ներկայացուցիչների: Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի վերսկսման մեծ հավանականության պայմաններում առաջնային խնդիր է տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների և կիբեռռեսուրսների միջգերատեսչական կառավարման համակարգում որպես գլխամասային գերատեսչություն պաշտոնապես ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների խորհրդի նախագահությունը հանձնելով պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Տվյալ ուղղությամբ մեր համալսարանի հետագա զարգացման տրամաբանական քայլ կլինի գործող կենտրոնի կերպափոխմամբ Ազգային կիբեռռեսուրսների կառավարման ռազմավարության ինստիտուտի ստեղծումը: Այն կդառնա Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ կիբեռոլորտում հաշվեկշռված հարաբերությունների պահպանման, ինչպես նաև ԱՄՆ-ի գերազանցության պետական գլխավոր և մասնավոր կենտրոնների հետ արգասաբեր առնչությունների զարգացման միակ հնարավոր պետական հարթակը:
Գիտահետազոտական ոլորտում առանձնանում է «Ազգ–բանակ» հայեցակարգի մշակումը: Կարևոր արգասիքներից են նաև տարածաշրջանային անվտանգության դինամիկայի ռազմավարական գնահատումները և դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվող առաջարկությունները: 22 վերլուծական զեկուցագրերում Հայաստանի անվտանգային շահերի տեսանկյունից ուսումնասիրվել են Հարավային Կովկասում ու հարակից տարածաշրջաններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Վրաստանի ու Ադրբեջանի դերակատարությունը, ինչպես նաև քրդական գործոնը և Սիրիական ճգնաժամը: Առանձնակի ուշադրության է արժանի տիեզերական հեռադիտական միջոցների` որպես քաղաքական-դիվանագիտական զսպման գործիքարանի կիրառման վերաբերյալ առաջարկությունը: Հրապարակվել են նաև քրդական գործոնի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերլուծություն բովանդակող կոլեկտիվ մենագրությունները:
ՊԱՀՀ-ի կրթական գործառույթներն իրականացնում է Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտը: Դրա գործունեությունը կազմակերպված է արևմտյան մոդելով` գիտելիքի ստեղծում և տեղափոխում լսարան: Ինստիտուտը մշակել է գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» ծրագիրը: Այն ստեղծվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հաշվառմամբ իրագործվող պաշտպանական բարեփոխումների ամբողջ ծավալն ընդգրկող, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի ավելի քան քսան համարներում հրապարակված փորձագիտական-վերլուծական նյութերի հիման վրա: Դրանց մի մասը ամփոփվել է ԱՌՀԻ-ի հրատարակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային համակարգի բարեփոխման ուղենիշները» երկհատոր գիտափորձագիտական–ուսումնական ձեռնարկում:
Նախատեսվում է այս դասընթացի արդյունքների հաշվառմամբ 2018 թ. իրականացնել միջգերատեսչական ձևաչափով վերապատրաստման ծրագիր, ինչպես նաև՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծել միջգերատեսչական ձևաչափով մեկամյա մագիստրոսական ծրագրերի իրականացման համար:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան