Հավատացեք՝ ապուշություն է ավտոշարասյունով Արցախը գրոհելը, Արցախի իշխանություններին սեւացնելը, երբ մեր բոլոր հակառակորդներին մի առիթ է պետք Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականապես «լուծելու» եւ հարցն օրակարգից հանելու համար։ Ումի՞ց էին ուզում ազատագրել Արցախը, վերջապես՝ ի՞նչ ուժով ու ի՞նչ էին դնելու տեղը՝ իրենք էլ չգիտեին։
«Ցեղասպանության 100-ամյակը՝ առանց ռեժիմի». Սեֆիլյանի (ծռերի) այս վարդապետությունը կմնա որպես մեծագույն հիմարության խորհրդանիշ։ Եթե խելագար չես, չես կարող ավելի հիմար բան անել, քան ողջ աշխարհին հայտարարելն է, որ Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին բազմակարծություն կա։ Իհարկե, Սեֆիլյանը ճաղերի հետեւից դիտեց 100-ամյակի միջոցառումները, տեսավ այդ նույն ռեժիմի հրավերով Հայաստան ժամանած երկրների ղեկավարներին, Ցեղասպանությունը ճանաչած պետությունների պատվիրակներին եւ, ամենայն հավանականությամբ, հասկացավ, որ այդ ամենը չէր լինի, եթե, ինչպես ինքն էր ասում, օգտվեինք Ծիծեռնակաբերդ գնացող մարդկանց շատությունից ու նրանց ուղղորդեինք ռեժիմի դեմ։
Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ բանտից ազատվելը Սեֆիլյանի ու նրա համախոհների համար քիչ էր հասկանալու համար, որ 99 տոկոսով հայերով բնակեցված երկրում մեծագույն աբսուրդ է ազգային-ազատագրական պայքարից խոսելը։ Այդ հիմա են իրենց պայքարը կապում, այսպես կոչված, գաղութատիրությունից ազատագրվելու եւ ազգային պետականություն կերտելու հետ։ Այն օրերին նրանք կոչ էին անում ազգային-ազատագրական պայքար սկսել ռեժիմի դեմ, ինչը, բնականաբար, քմծիծաղ էր առաջացնում, իսկ այդ պահանջով ցույց ու միտինգներն ավարտվում էին ակտիվիստների փայծաղների հեռացմամբ։
Եվ, վերջապես, տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը։ Սպանվեցին ոստիկաններ, իսկ «Սասնա ծռերը» հայտնվեցին բանտում։ Տղերքը, հասկանում ես, ելել էին ազգային-ազատագրական պայքարի։ Հիմա էլ ասում են՝ մենք քաղաքական բանտարկյալ ենք։ Ուրիշ ժամանակ ողջ քաղաքակիրթ աշխարհը կհավաքվեր Հայաստանի իշխանությունների գլխին՝ թե էս ի՞նչ եք անում։ Բայց այս դեպքում, կարծես, ե՛ւ Եվրոպան, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ էլ նույնիսկ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնում «Սասնա ծռերի» գործին միջամտելուց։ Ըստ երեւույթին, բավականին դժվար է պետական կառույցի դեմ զինված ելույթը քաղաքական պայքար, իսկ զինված տղերքին քաղբանտարկյալ անվանելը։ Միջազգային բեմերում շատ ավելի ընդունված են «ահաբեկչություն» եւ «ահաբեկիչներ» (գրոհայիններ) տերմինները, որոնք, սակայն, մեր հերոսներին չեն սպառնում, որովհետեւ մենք նրանց հանդեպ մի ուրիշ գուրգուրանք ունենք՝ նրանք մերն են։ Այլ երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Գերմանիայում, իսկույն կպիտակավորեին, ու էլ ոչ մի փաստաբան չէր կարող դատուդատաստանը վերածել կրկեսի։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում