Երեկ սոցիալական ծառայության, քաղաքապետարանի, ոստիկանության եւ մի շարք այլ պետական ծառայությունների 8-9 ներկայացուցիչ այցելել էին մանկատան շրջանավարտներին` համոզվելու՝ նրանք բնակվո՞ւմ են 10 տարի առաջ պետության կողմից տրամադրված բնակարանում, թե՞ ոչ:
Եթե չեն ապրում, ապա բնակարանները ձեռքներից կվերցնեն, եթե բնակվում են, այդ մասին հավաստող տեղեկանքներ ներկայացնեն, որպեսզի դրանց հիման վրա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմի ՀՀ կառավարություն` հետագա 10 տարին առանց օտարման իրավունքի բնակարանները նրանց սեփականաշնորհելու: Այդ խնդրանքով հենց ծնողազուրկ երիտասարդներն են վարչապետին դիմում գրել: Երեկ, սակայն, մանկատան շրջանավարտները «պետության հանձնաժողովին» դժգոհություններով ընդունեցին` չցանկանալով նրանց որեւէ փաստաթուղթ հանձնել, քանի որ մտավախություն ունեին, որ հերթական անգամ իրենց խաբում են եւ նպատակ ունեն բնակարաններում ապրելու պայմանագիրը կրկին երկարաձգել:
Որքան էլ հանձնաժողովականները բացատրում, համոզում էին, որ իրենց օգտին է` չէին հավատում:
Հիշեցնենք, որ այս շենքը երիտասարդներին հատկացվել էր առանց տանիքի, բետոնե հատակով ու առանց վերանորոգման, քանի որ շինարարության ընթացքում կառուցապատողը գումարները յուրացրել էր, ինչի առնչությամբ ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտումներ էր արել:
Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
24.10.2017