Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհական ստուգողական այց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից մեկ ամիս առաջ

Հոկտեմբեր 25,2017 12:00

Կարեւոր ուղերձ ԵՄ երկրներին՝ ՀՀ-ի հետ համաձայնագիրը
ստորագրելու վճռականության մասին

Մեկ ամսից՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հոկտեմբերի սկզբին Երեւան ժամանելու նախօրեին «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց. «Կարծում եմ՝ դեռեւս մի փոքր վաղ է ասել, թե երբ այն կստորագրվի, կարող ենք ասել միայն, որ դա կլինի հնարավորինս շուտ»։

Ըստ ամենայնի, կողմերն իսկապես ցանկանում են հասցնել նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը: Հոկտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովն ու Հայաստանը փոխադարձ համաձայնությամբ հրապարակեցին Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը աննախադեպ քայլ գնահատվեց, լրացուցիչ համոզիչ ապացույց, որ կողմերը մտադիր են սեղմ ժամկետներում ստորագրել փաստաթուղթը:

Վերջին շաբաթներին տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ ԵՄ-ում որոշ երկրներ «տեխնիկական խոչընդոտներ» են առաջացնում` կապված համաձայնագրի թարգմանության հետ, թեեւ բոլորի համար էլ պարզ է, որ «տեխնիկական խոչընդոտների» տակ թաքնված կլինեն քաղաքական պատճառներ: Սակայն անցյալ շաբաթ տեղեկատվություն ստացվեց, որ համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից թարգմանվել է Եվրամիության բոլոր լեզուներով` բացի իռլանդերենից: Այս մասին Tert.am-ը պարզաբանում էր ստացել Եվրահանձնաժողովի լրատվական ծառայությունից, որում նշել էին, որ թարգմանություններն արվել են ոչ թե երկրների կողմից, այլ Եվրահանձնաժողովի. «Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն»:

Կա՞ն ԵՄ անդամ երկրներ, որոնք քաղաքական դրդապատճառներով կարող են խոչընդոտել Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրմանը: Թերեւս կան, բայց Եվրահանձնաժողովի կողմից նախաստորագրված համաձայնագրի հրապարակման փաստը ծանրակշիռ ապացույց է, որ կառույցը անդամ երկրներին ուղերձ է հղում՝ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին:

Լեհաստանի դերը ԱլԳ շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր է

Անցյալ շաբաթ տարածաշրջան այցելեց Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Նախ՝ Վաշչիկովսկու Բաքու կատարած այցի մասին: Ըստ ադրբեջանական լրատվական գործակալությունների՝ Լեհաստանի ԱԳ նախարարը Բաքվում հայտարարել է, որ «Ադրբեջանը Արեւելյան Եվրոպայի համար էներգիայի մատակարար է», որ «Ադրբեջանը Լեհաստանի համար կարեւոր երկիր է»: Ու թեեւ նա խոսել է «պետությունների տարածքային ամբողջականության հարգանքի» մասին, բայցեւ շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. «Մինսկի խումբը դեռ կատարյալ չէ, բայց տվյալ պահին այն լուծմանը մոտենալու միակ միջոցն է»։

Հոկտեմբերի 20-ին Վիտոլդ Վաշչիկովսկին արդեն Երեւանում էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրա հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: «Զրուցակիցները, հայ-լեհական երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին եւ Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթնաժողովից: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ Միության հետ համագործակցության արդյունքում Հայաստանում վերջին տարիներին բավականին բարեփոխումներ են իրականացվել, եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել: Սերժ Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի դերակատարությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին»,- ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Մինչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը՝ Լեհաստանի նախագահը Հայաստանի ԱԳՆ-ում էր բանակցություններ վարում: Նալբանդյան-Վաշչիկովսկի հանդիպումից հետո Հայաստանի եւ Լեհաստանի նախարարները հանդես էին եկել մամուլի համար հայտարարություններով, սակայն լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չէր տրվել։ Էդվարդ Նալբանդյանը եւ Վիտոլդ Վաշչիկովսկին, ըստ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, գոհունակությամբ նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության եւ ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով երկու երկրների միջեւ ձեւավորվել է կայուն հիմք հայ-լեհական հարաբերությունների համապարփակ եւ բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում: «Էդվարդ Նալբանդյանն ու Վիտոլդ Վաշչիկովսկին մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ»,- ասվում էր համատեղ հայտարարության մեջ:

ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը եւս շեշտվել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա: Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդես գալով հայտարարությամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է՝ լեհ գործընկերը համակարծիք է իր այն պնդման հետ, որ խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով. «Ցավոք, Ժնեւում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, եւ զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով երեկ զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ ԼՂ խնդրի՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ հայտարարեց, որ իր լեհ գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան բանակցությունների ընթացքը՝ շեշտելով, որ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրում են ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Հայաստանը։

«Հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա»

Մինչ Լեհաստանի ԱԳ նախարարը Երեւանում էր՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում էր, որտեղ եւս հայ-լեհական հարաբերությունների վերաբերյալ կարեւոր, դրական հայտարարություններ հնչեցին:

Լեհաստանի Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել էր բանաձեւ: Բանաձեւում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար: Բանաձեւի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ:

Արա Բաբլոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել էր. «Պարոն Կարչեւսկու եւ պարոն Կուհչինսկու հետ կայացած հանդիպումների ժամանակ հանգամանալի անդրադարձել ենք հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում առավել խորացնելու մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները եւ ակտիվացնելու պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ կապերը: Լեհաստանի եւ լեհ ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսեւորվեց նաեւ 2005 թվականին, երբ Լեհաստանի Սեյմում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, ինչի համար մենք շնորհակալ ենք: Հարգելի՛ ներկաներ, եզրափակելով խոսքս` եւս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այս արժեքավոր ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Վստահ եմ, որ հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա, եւ մենք պատրաստ ենք աշխատել մեր լեհ գործընկերների հետ` հանուն այդ ապագան կերտելու եւ հանուն հաջորդ սերունդներին հայ-լեհական բարեկամության ոգին փոխանցելու»:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել էր Լեհաստանի փոխվարչապետ, մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկու հետ: Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առնչությամբ պարոն Բաբլոյանը կարեւորել է հայ-լեհական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, որի նիստերին զուգահեռ կազմակերպվում են նաեւ հայ եւ լեհ գործարարների մասնակցությամբ համաժողովներ: Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկին, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, նշել է, որ լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք, ինչը հիմնված է այն մեծ ներդրմամբ, որն ունեցել են հայերը Լեհաստանում: Փոխվարչապետը դրական է գնահատել հատկապես մշակույթի ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բաց է հետագա համագործակցության համար:

Հարկ է նշել, որ պաշտոնական Բաքուն Լեհաստանի հետ ինտենսիվ աշխատանքներ էր տանում, ինչպես նաեւ ԵՄ անդամ այլ երկրների հետ բրյուսելյան գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագրում ադրբեջանանպաստ դիրքորոշումներ ներառելու ուղղությամբ: Բացի այդ, Լեհաստանի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման առումով իսկապես խիստ կարեւոր էր: Անցյալ շաբաթ հայ-լեհական բանակցությունները Երեւանում, ինչպես նաեւ հայկական պատվիրակության այցը Լեհաստան, հուսանք, ըստ արժանվույն դրական ազդեցություն կունենան լեհական դիրքորոշման նկատմամբ:

Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 24.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031