Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան շրջանավարտները պահանջում են բնակարանները սեփականաշնորհել

Հոկտեմբեր 25,2017 13:30

Տասը տարի առաջ 10-12 մանկատան շրջանավարտի պետությունը Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող նորակառույց 7 հարկանի շենքում բնակարաններ հատկացրեց` տասը տարի անհատույց ապրելու իրավունքով: Ժամկետն արդեն լրացել է: Երեկ սոցիալական ծառայության, քաղաքապետարանի, թաղապետարանի, աշխատանքի եւ զբաղվածության կենտրոնի, ոստիկանության եւ մի շարք այլ պետական ծառայությունների 8-9 ներկայացուցիչ այցելել էին մանկատան շրջանավարտներին` համոզվելու՝ նրանք բնակվո՞ւմ են այդ բնակարանում, թե՞ փակել գնացել կամ վարձով են տվել: Հանձնաժողովի անդամներին, սակայն, մանկատան շրջանավարտները դժգոհություններով ընդունեցին` չցանկանալով կատարել նրանց պահանջները: Ծառայության ներկայացուցիչները եկել էին փաստաթղթեր հավաքելու, որոնք կվկայեին այն մասին, որ նրանք իսկապես բնակվում են այդ բնակարաններում, պետության նկատմամբ էլ, վճարումների տեսքով, կատարում են իրենց պարտականությունները: Եվ որքան էլ ծնողազուրկ երիտասարդներին բացատրում էին, որ փաստաթղթերը հենց իրենց օգտի համար են պետք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է դիմել ՀՀ կառավարություն` բնակարանները հետագա տասը տարին չօտարելու պայմանով նրանց սեփականաշնորհելու, միեւնույն է՝ մանկատան շրջանավարտներից ոմանք անդրդվելի էին, չէին հավատում ու կասկած էին հայտնում, որ պետությունը կրկին իրենց խաբում է եւ մտադիր է եւս տասը տարով նույն կարգավիճակով պայմանագիրը երկարաձգել: Մինչդեռ իրենք երեխաներ ունեն, անգամ թոռներ, եւ ժամանակն է բնակարանները, որոնք այդ տարիների ընթացքում վերանորոգել են, կարգի բերել, իրենց սեփականաշնորհել:

 

Սոցիալական ծառայության ղեկավար Ադրինե Նիկոյանը մեկ առ մեկ դռները ծեծելով փորձում էր բացատրել իրենց այցելության նպատակը, սակայն եղան շահառուներ, որ այդպես էլ չվստահեցին «պետության մարդկանց» եւ ոչ մի թուղթ էլ չտրամադրեցին: Մանկատան շրջանավարտները հանձնաժողովականների պահանջներին ի պատասխան մեկ բան էին ասում` խոստացել են, որ տասը տարին լրանալուց հետո բնակարանները սեփականաշնորհելու են, բա ո՞ւր է:

Բնակիչները նաեւ մատնացույց էին անում կաթող տանիքը, շենքի անբարեկարգ վիճակը եւ նշում, որ պայմանագրով նաեւ շենքի բարեկարգման հարցերն են ամրագրված, սակայն անձրեւների եւ ուժեղ քամիների ժամանակ ստիպված են լինում երեխաներին գրկել ու դուրս գալ:

 

Հիշեցնենք, որ այս շենքը մանկատան շրջանավարտներին հանձնվեց առանց տանիքի, առանց վերելակի, հատակը բետոնապատ, առաջին հարկի կոյուղին անմխիթար եւ բազմաթիվ այլ թերություններով, քանի որ շինարարության ընթացքում պետական գումարները կառուցապատողը յուրացրել էր:

Այս բնակիչներից ոմանք, չդիմանալով այդ պայմաններին, ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում ուրիշ տեղ բնակվել: Սակայն սա նույնպես խնդիրներ է առաջացնում մանկատան շրջանավարտների համար:

Նախարարության մասնագետները նույնիսկ պատահական այցելություններ են կատարում համոզվելու համար՝ մանկատան սաներն ապրո՞ւմ են այդտեղ, թե՞ ոչ:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

24.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031