Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվաբնակ հայ երգչուհու բողոքի հիման վրա հետաքննիչն իր հետ դատարան էր բերել գործի նյութերը

Հոկտեմբեր 25,2017 13:00

Վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առներ, որ գործ ունի հոգեկան հիվանդի հետ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Դավիթ Բաբինյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ճանաչված օպերային երգչուհին՝ Լիա Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել Ռուզաննա Ղազարյանի եւ Դավիթ Պետրոսյանի կողմից խաբեությամբ իր եւ հոգեկան հիվանդությամբ տառապող եղբորը պատկանող բնակարանը հափշտակելու մասին: Նախապատրաստվել էին նյութեր: Ոստիկանության հետաքննիչը մերժել էր քրեական գործ հարուցել, պատճառաբանելով, թե նշյալ անձանց միջեւ վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ լսվեց բողոքը:

Բողոքաբերի ներկայացուցիչ Ն. Բաբայանն ասաց, որ Երեւանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի սեփականատեր են հանդիսացել Լ.Սարգսյանի մայրը, հոգեկան խնդիրներ ունեցող Ռ. Սարգսյանը, եւ իր վստահորդը՝ Լիա Սարգսյանը: Հինգ տարի առաջ Ռ. Սարգսյանը մորը (ներկայումս՝ հանգուցյալ) ու քրոջը հայտնել է, որ բնակարանը մեկ տարով գրավ է դնելու իր ծանոթի ծանոթին: Ըստ բողոքաբերի, ծանոթները խոստացել են ժամկետը լրանալուն պես վերադարձնել Թումանյան փողոցի շենքերից մեկի 78, 3 քմ. բնակարանը:

Մայրն ու քույրը չեն համաձայնում, պատճառաբանելով, թե դա իրենց հայրական բնակարանն է: Սակայն, քանի որ Ռ. Սարգսյանը հիվանդության հետ կապված ուներ ագրեսիվ պահվածք, բռնության կարող էր ենթարկել ընտանիքի անդամներին, նման քայլ անգամ կատարել էր, սպառնալիքներից խուսափելու համար բողոքաբեր քույրը՝ Լ. Սարգսյանը, որպես նրա կողմից լիազորված անձ, հարկադրաբար գնում է Կենտրոնի նոտար Մ. Մանուկյանի մոտ եւ ըստ էության մասնակցում «ընտանիքին պարտադրված գործարքին»:

Ի դեպ, գրավն իրականացնում է «Ռայվ ինտրեթրեյդ» ընկերությունը:

Բողոքաբերը դատարան էր ներկայացրել եղբոր հիվանդության պատմության հետ կապված փաստաթղթերը: Այդ պաշտոնական փաստաթղթերը, նաեւ Մոսկվայից ուղարկված, ներկայացվել էր ժամանակին նաեւ Կենտրոնական ոստիկանության հետաքննիչին:

«Անզեն աչքով կարող եք տեսնել նրա դրսեւորումները, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի պահվածքը»,-ասաց փաստաբանը, եւ նաեւ մեջբերեց հետաքննիչի որոշումից մի հատված. «Ռ. Սարգսյանի բացատրությունը հաստատվեց նաեւ Լիա Սարգսյանի բացատրությամբ»: «Պետք չէ առողջ մարդու բացատրությունը կապել ակնհայտ անմեղսունակ մարդու բացատրության հետ, ասելով, թե նույնաբովանդակ բացատրություն է տվել»,-ասաց բողոքաբերի ներկայացուցիչը:

Լիա Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, ինչը չէր տեսել հետաքննիչը. որոշման մեջ հետաքննիչը չի նշել Ռ. Սարգսյանի հիվանդության մասին, երբ քույրը բազմաթիվ բժշկական տեղեկանքներ, հիվանդության պատմագիրն է ներկայացրել նրան: Բանկը, ըստ էության, մեկ միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ռուզաննա Ղազարյանին եւ Դավիթ Պետրոսյանին, որոնք այդ վարկը օգտագործել են սեփական կարիքների համար, անպատասխանատու ձեւով հափշտակել են վարկային միջոցները: Դատավոր Ա. Վարդանյանն այս երկուսին նույնպես մասնակից կդարձնի բողոքի քննությանը, քանի որ շոշափվում է նրանց անձի հետ կապված հարցեր էլ: Նոյեմբերի 7-ի նիստի մասին նրանք կծանուցվեն:

Բողոքաբեր Լ. Սարգսյանը չկարողացավ մինչեւ վերջ ներկայացնել իր խոսքը, նա հուզվեց, միայն հասցրեց ասել, որ մեղսունակ մարդիկ հանուն բնակարանի օգտվել են եղբոր անմեղսունակությունից եւ կատարել են հանցագործություն: Մայրն այդ ժամանակ ինսուլտ էր տարել, վտանգված էր եղբոր ընտանիքը, եւ որ մեղսունակները չարաշահել են եղբոր հնարավորությունները: Նա իր բողոքում հայտնել էր, որ հետաքննիչի մոտ հաղորդում կար «Ռայվ ինտրեթրեյդ» ընկերության տնօրեն Դ. Պետրոսյանի վերաբերյալ, սակայն նա բացատրություն չի տվել, որովհետեւ չի հրավիրվել հետաքննիչի մոտ: «Հետաքննիչը, որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով լիազորված պաշտոնատար անձ, պարտավոր էր ստուգել խարդախության, վարկը վատնելու, հետագայում կանխամտածված սնանկության հանցակազմի տարրերը, արդյունքում՝ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հիմնավոր հետեւության հանգելու համար: Հետաքննիչը նույնիսկ ձեւական բացատրություն չի վերցրել: Ըստ այդմ, ինչպես կարող էր գնահատել Դ. Պետրոսյանի գործողությունները, երբ նշյալ անձինք բացատրություն չեն տվել»,-հարցրեց Լ. Սարգսյանը:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճառաբանական մասում քննիչը արձանագրել էր. «Պետք է փաստել, որ ինչպես Ռ. Ղազարյանի, այնպես էլ Դ. Պետրոսյանի կողմից խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, այլ ընդհակառակը, գործով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ բնակարանի սեփականատերերն իրենց սեփական կամքով եւ ռիսկով են պայմանագիր կնքել, ըստ որի՝ գրավ են դրել իրենց բնակարանը»:

Նշենք, որ նյութերի նախապատրաստման փուլում Կենտրոնականի բաժնում բացատրություն տալիս, Ռ. Սարգսյանը գրել էր. «Իմ ծանոթ Դ.Պետրոսյանն ինձ ասաց, թե իր եւ Ռ.Ղազարյանի բիզնեսի համար գումար է պետք, իրենք ինչ-որ վարկ ունեն, որը պետք է վերավարկավորեն, սակայն իրենց ունեցած գույքը չի բավարարում, այդ պատճառով խնդրեցին ինձ, որ Թումանյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկի մեր բնակարանը գրավադրեն իրենց համար…որոշ ժամանակ անց Դ.Պետրոսյանը եւ Ռ.Ղազարյանը ինձ առաջարկեցին գումար ներդնել բիզնեսի մեջ, որի դիմաց ես պետք է ունենայի իմ մասնաբաժինը, ամսական եկամուտ ստանայի…ես ներդրեցի պահանջված գումարի փոքր մասը՝ 42 000 ԱՄՆ դոլար, հետագայում մնացած մասը չկարողացա ձեռք բերել, դրա համար բիզնեսից մաս չունեցա, իսկ նրանք էլ իր ներդրած գումարը չվերադարձրին: Ես առանց փաստաթղթի եմ տվել պահանջված գումարը»:

Ռ.Ղազարյանը բացատրություն էր տվել, որ Դ. Պետրոսյանի հետ ստեղծել են «Ռայվ ինտրեթրեյդ» ՍՊ ընկերությունը, որը մանկական հագուստի եւ այլ պարագաների վաճառք է իրականացրել: Նրանք Դավթի մանկական ընկերոջ՝ Ռուբենի հետ որոշել են մանկական խանութ բացել: Ռ.Ղազարյանը նաեւ հայտնել էր, թե Ռուբենը իրենց կանխիկ 42 000 ԱՄՆ դոլար գումար չի տվել, դրանով իսկ հակասելով Ռուբենին: Ըստ նրա, Ռուբենը մասնակից է դարձել իրենց բիզնես ծրագրի իրականացմանը՝ բնակարանը գրավ դնելով:

Բողոքաբերի ներկայացուցիչը խնդրեց պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր վստահորդի իրավունքների խախտումը:

«Հոգեկան հիվանդն իր սեփական կամքով չէր կարող որեւէ գործարք կատարել»,-նշեց բողոքաբերի ներկայացուցիչը, որի կարծիքով, հետաքննիչը հաղորդումը ստուգելու նպատակով որեւէ ողջամիտ քայլ չի կատարել:

Անդրադարձ եղավ նաեւ դատախազին, որը հաստատել է վիճարկվող որոշումը: Լ. Սարգսյանի կարծիքով, նա նույնպես ձեւական մոտեցում է ցույց տվել, եւ ըստ էության չի արձանագրել, որ նյութերի նախապատրաստման փուլում պատշաճ քննություն չի տարվել, վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առներ, որ գործ ունի հոգեկան հիվանդի հետ: Նշենք, որ ըստ գործի նյութերի, Ռուզաննա Ղազարյանն ասել էր, թե չի իմացել, որ Ռ. Սարգսյանը հոգեկան հիվանդ է: Փաստաբան ներկայացուցչի գնահատմամբ, իր վստահորդ երգչուհին գիտակցել է, թե ինչ գործողություններ է կատարել, ի վիճակի չի եղել խուսափելու իրեն պարտադրվող գործարքից: Եվ կարող էր ստորագրություն տվողը նոտարի մոտ լինել ոչ թե Լիան, այլ նրա հարեւանը:

Հետաքննիչ Դ. Բաբինյանը դատարանին ոչինչ չուներ ասելու «առարկում եմ» բառից բացի, ինչը նույնիսկ զարմացրեց դատավորին:

Բողոքաբեր կողմին կտրամադրվեն 109 էջից բաղկացած գործի նյութերը:

Երեւան քաղաքի դատախազը մերժելով քրեական գործ հարուցել, Վճռաբեկ դատարանի 2011թ. նախադեպային մի որոշման էր հղում կատարել. Լիա Ավետիսյանի գործին, արձանագրելով. «Անձի կողմից քաղաքացիաիրավական պարտավորության չկատարումը դեռեւս չի վկայում վերջինիս արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի եւ հետեւաբար՝ հանցակազմի մասին: Արարքը խարդախություն որակելու համար անհրաժեշտ է պարզել, որ անձը ուրիշի գույքը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցրել է, իրենը կամ ուրիշինը դարձրել, իրական հնարավորություն է ունեցել գույքը տնօրինելու կամ օգտագործելու»:

Լիա Սարգսյանի ներկայացուցիչն էլ հղում էր կատարել Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումների: Մասնավորապես, 2014թ. Ռ.Նիազյանի գործով կայացրած որոշմամբ, Վճռաբեկն արձանագրել է. «Քրեական գործ հարուցելու առիթ ասելով՝ պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության մասին: Հանցագործության մասին անձի հաղորդումը ուղղված հետաքննության մարմնին, քննիչին կամ դատախազին, քրեական գործ հարուցելու առիթ է, հետեւաբար, այդպիսի հաղորդման առկայությունն ինքնին առաջ է բերում քրեադատավարական իրավահարաբերություններ, կապված գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության հետ»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031