Երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյանը իր սաների օրինակով կոչ է անում անաղարտ պահել ազգային երգ-երաժշտությունը
Երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյանը հայտնի է ոչ միայն մեծահասակների համար գրված, այլեւ իր մանկապատանեկան երգերով, որոնք երգում են Հանրային ռադիոյի «Արեւիկ», ՊՆ «Զորական» անսամբլները: Ի թիվս այլ երգիչների, Վարդուհու հայրենասիրական երգերը կատարում է նաւ Ներսիկ Իսպիրյանը:
«Առավոտի» հետ զրույցում երգահանը նշեց, որ համագործակցում է մանկապատանեկան խմբակների հետ, որոնցից մեկը գործում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների 14 հատուկ դպրոցում, մյուսը՝ ԿԳ նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնում:
«Թիվ 14 դպրոցի խմբակում սովորում են հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներ եւ մանկատան սաներ: Նրանց մի մասն ավարտել է դպրոցը, բայց շարունակում է հաճախել մեր խմբակ: Այսինքն՝ մեր խմբակում սովորում են 5-20 տարեկաններ: Մի քանի ամիս առաջ իմ սաներից 19-ամյա Սուրեն Հովսեփյանը, որը բավականին լավ ձայնային տվյալներ ունի, մեկնեց ԱՄՆ: 10-օրյա հյուրախաղերի ընթացքում նա ջերմ ընդունելության է արժանացել, այնտեղ կատարել է իմ երգերը, նաեւ այնպիսի ստեղծագործություններ, որոնք մեր ազգային մշակույթն են ներկայացնում»,-պատմեց Վարդուհի Խաչատրյանը:
Նրա խոսքով, երիտասարդին ողջունել է Պապին Պողոսյանը, նաեւ Սուրենը մի զուգերգ է կատարել Գեւորգ Չաքմանյանի հետ եւ վերադարձել է Հայաստան՝ տպավորված շրջագայությամբ:
«Մեր նպատակը, գաղափարախոսությունը հետեւյալն է` հնարավորինս պաշտպանենք մեր ազգային մշակույթը, անաղարտ պահենք հայկականը, որպեսզի կարողանանք մեր սերունդներին փոխանցել մաքուր հայկական երգ-երաժշտություն»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքերով, իր սաները վերջերս Երգչախմբային ընկերության դահլիճում մասնակցել են հաշվետու համերգի, արդեն ձայնագրել են իր «Հայ զինվոր» երգը, պատրաստվում են մի երգ գործիքավորել, որը կոչվում է «Հայոց բանակ»: Ունեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությունը:
Վարդուհի Խաչատրյանը կարծում է, որ հայ երեխաները պետք է հայրենասիրական շատ երգեր ունենան իրենց երգացանկում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
24.10.2017