Օլիմպիայում՝ Հերայի հեթանոսական տաճարում, այսօր հանդիսավոր պայմաններում վառվեց 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը:
Արարողության «Գերագույն քրմուհի» հույն դերասան Կատերինա Լեխուն աղոթք մատուցեց Աստվածներին եւ վառեց ջահը: ТАСС-ի փոխանցմամբ, նախատեսված էր, որ կրակը վառվելու էր պարաբոլիկ հայելիներով, որոնք արեւի ճառագայթները հավաքում են մեկ կիզակետում, սակայն եղանակային պայմանների թելադրանքով օգտագործվել է պահեստային տարբերակ:
Առաջին ջահակիրն ըստ ձեւավորված ավանդույթի, պետք է հույն մարզիկ լինի: Այդ պատիվը վստահվել էր Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից, դահուկորդ Ապոստոլոս Անգելիսին, որից կրակն ընդունել է հարավկորեացի նախկին ֆուտբոլիստ Պակ Չի Սոնը:
Մինչեւ հոկտեմբերի 31-ը օլիմպիական կրակը Հունաստանի տարածքով կանցնի 5 հազար կիլոմետր եւ նոյեմբերի 1-ին հանդիսավորապես կփոխանցվի 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեին:
Օլիմպիական կրակը Հարավային Կորեա կմտնի օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ, կճանապարհորդի Հարավային Կորեայի ինը նահանգներում ու 17 քաղաքներում եւ մայրաքաղաք Փհենչհան մուտք կգործի փետրվարի 9-ին:
Օլիմպիական կրակն, ընդհանուր առմամբ, հաղթահարելու է խորհրդանշական 2018 կիլոմետր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ