Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Յուլիա Չալայայի կարծիքով, թեեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքականացվածությանը, փաստերն իրենք են իրենց մասին խոսում. շատ դեպքերում հայ-ռուսական տնտեսական կապերն են նպաստել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցելու որոշում կայացնի:
«2010-2014 ժամանակահատվածում, ինչպես աշխարհի այլ երկրներ, Հայաստանը եւս գլոբալ ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու փուլում էր եւ ՀՆԱ կայուն աճի տեմպեր ուներ: Հայաստան ներմուծումների ծավալում ՌԴ բաժինը 2014 թվականին 16,7 տոկոսից աճել է 20 տոկոսի, ԵՄ բաժինը՝ 45 տոկոսից իջել է 30 տոկոսի: Ռուսաստանը շարունակել է մնալ Հայաստանի հիմնական օտարերկրյա ներդրողը՝ 40 տոկոս ուղղակի ներդրումներ, այն դեպքում, երբ ԵՄ ներդրումները կազմել են 33 տոկոս»,- ասում է Յուլիա Չալայան:
Տիկին Չալայան մասնակցում էր Երեւանում անցկացվող «Հայաստանի փորձագիտական եւ կրթական հանրության դերը ԵԱՏՄ տնտեսական ինտեգրացիայում» կլոր սեղանին: ՀՀ կառավարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել են ԵԱՏՄ-ին Հայաստանի երկամյա անդամակցության արդյունքների մասին զեկույց:
Զեկույցը դեռ մշակման փուլում է, սակայն որոշ թեզիսներ այսօր հրապարակվեցին:
Իր բերած վիճակագրության ֆոնին, Յուլյա Չալայան արձանագրում է նաեւ այլ երկրների հետ գործընկերային հարաբերությունների ուժեղացումը: Մանրամասնում է`Հայաստանում գրանցված է ղազախական կապիտալով մոտ 33 ընկերություն, գործում է ղազախական БТА բանկը, որն արդեն 50 միլիոն դոլարի ներդրում է կատարել: Իսկ Ղազախստանում գործում է հայկական կապիտալով 60 ընկերություն: Հայաստանը Բելառուսի տնտեսությունում ակտիվ ներդրողներից է՝ ընդհանուր ներդրումները՝ 13 միլիոն դոլար, Հայաստան-Բելառուս հարաբերությունները դրական զարգանում են. «Ընդ որում Հայաստանը պահպանել է համագործակցության երկու վեկտորն էլ՝ թե ԵՄ, թե ԵԱՏՄ հետ»:
2015-2016 ժամանակահատվածի անկման շրջանն, ըստ բանախոսի նաեւ շահարկումների առիթ տվեց`ԵԱՏՄ չի կայացել, երկրները սխալ ընտրություն են կատարել: Նա նման խոսակցությունները գնահատում է «կոնյունկտուրային հայտարարություններ», առավել եւս, որ տնտեսական անկումը օբյեկտիվ պատճառներ ուներ՝ նավթի գների անկում: Հայտարարում է` ԵԱՏՄ-ն կայացած նախագիծ է՝ դրական հեռանկարով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցն էլ իր ելույթում հիշեց ԽՍՀՄ ժամանակները`նկատելով, որ այդ շրջանում մեր երկրներն ապրում էին ոչ ըստ իրենց միջոցների՝ երկիրը հարուստ էր, բայց նաեւ շատ ծախսատար: Այսօր նա անհանգստանալու առիթ չի տեսնում: Ասում է` ԵԱՏՄ շրջանակներում կան բավարար ռեսուրսներ, բոլոր երկրներին ապահովելու համար: Իսկ միասնական էներգետիկ շուկան, իր համոզմամբ կլուծի առկա շատ խնդիրներ: Բանախոսը վստահ է` պետությունների ղեկավարների ցանկության դեպքում, գազի շուկան կարող է գործել 2022-ից ոչ ուշ. «Կլինի ոչ թե մեկ, այլ՝ մի քանի ընկերություն, որոնք կզբաղվեն գազով, ինչը բնականաբար կազդի գների իջեցման վրա: Բոլոր կանխատեսումները բավականին լավատեսական են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ