Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում մեկնարկեց «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով միջազգային գիտաժողովը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:
Ողջունելով ինը երկրների 77 պատվիրակներին, որոնք նախապատրաստել են 56 գիտական հոդված, ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, որի անմիջական նախաձեռնությամբ եւ ջանքերով է իրականություն դարձել այս համաժողովը, ասաց. «Գիտաժողովը կոչված է՝ ի մի բերելու գիտական միտքը, յուրահատուկ ստեղծագործական լուծումներ գտնելու տարբեր մարզաձեւերի եւ սպորտում հոգեբանական պատրաստության հիմնահարցերի լուսաբանման ու գործնական խնդիրների իրականացման համար: Այն հնարավորություն կընձեռի տեղեկություններ փոխանակել հոգեբանության գիտագործնական նվաճումների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել հեղինակային գաղափարներն ու տեխնոլոգիաները: Մենք կարեւորում ենք, որ Հայաստանում սպորտի հոգեբանության առաջին միջազգային գիտաժողովը անցկացվում է մի բուհում, որտեղ աշխատել է նշանավոր գիտնական, պրոֆեսոր Ալեքսանդր Լալայանը՝ երկար տարիներ նպաստելով սպորտի հոգեբանության գիտության զարգացման գործին, հասնելով գիտամանկավարժական ձեռքբերումների եւ հաջողությունների»:
Արսեն Քարամյանն Aravot.am-ի հետ զրույցում հավելեց. «Մենք մեր սպորտային բոլոր լավ ավանդույթները վերականգնելու խնդիր ունենք հոգեբանության բնագավառում: Սա առաջին փորձերից մեկն է, որը պրակտիկ մեծ նշանակություն ունի՝ աշխուժություն բերելու թե մենապայքարային, թե հատկապես խաղային մարզաձեւերում: Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ունենք անհատ մարզիկներով համալրված թիմեր, սակայն հաջողությունները, հաղթանակները ուշանում են, ձգձգվում: Դա նաեւ մարզական հոգեբանության հետեւանք է: Բացառություն կհամարեմ շախմատի հավաքականը, որի հետ, որքան տեղյակ եմ, ուսումնամարզական հավաքների եւ նախապատրաստության տարբեր փուլերում աշխատում են մեր լավագույն հոգեբանները: Սա մի ուղղություն է, որը պետք է կենսակերպ դառնա բոլոր մարզաձեւերի եւ ֆեդերացիաների համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ