Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Վլադ Բիտրինչան հայ գործընկերներին խորհուրդ է տալիս ինչ փաթեթային փաստաթղթեր էլ ստորագրելու կլինեն՝ ԵՄ-ի հետ, թե այլ ձևաչափով, լավ ծանոթանան բովանդակությանը:
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում «ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը» թեմայով անցկացված Երևան – Քիշնև տեսակամուրջին մոլդովացի խորհրդարանականը մանրամասնեց, թե ինչ մթնոլորտում է Մոլդովան ստորագրել ասոցացման համաձայնագիրը. «Փաստաթուղթը ստորագրվել էր առանց մոլդովերեն թարգմանվելու, առանց քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների կազմակերպման: Նույնիսկ լրագրողները հայտնաբերել էին, որ համաձայնագրի ստորագրման պահին նախարարներից ոչ մեկը տեքստին ծանոթ չէր»:
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի Մոլդովա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկն էլ նշեց, թե Մոլդովայի համար ոչ թե Եվրոպան ուղղություն է, այլ եվրոպական չափանիշների որդեգրում տնտեսության, քաղաքականության ոլորտներում և, ընդհանրապես, կենսակերպում. «Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո պետությունը կառավարվում է դրսից և չի կարող իրեն թույլ տալ ասել ”что хочу, то ворочу”»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն գնում է «և-և»-ի ճանապարհով՝ դեպի ԵՏՄ ու Եվրամիություն: Պարոն Բաբուխանյանը վստահեցրեց, որ այդ երկու ուղղությունների միջև հավասարության նշան դրվել չի կարող ու հավաստիացրեց, թե իր համար առաջնայինը ԵՏՄ-ի հետ հարաբերություններն են. «Հայաստանի համար առաջնային գործընկերը Ռուսաստանն է՝ նույնիսկ ԵՄ-ի հետ հավասար գործընկերային հարթության համատեքստում»:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բովանդակությանը՝ պարոն Բաբուխանյանը նշեց, թե փաստաթղթում կոնկրետ դրույթներ կան, որոնք անպայման պետք է փոփոխվեն. «Չգիտես ինչու ուզում են հայկական կոնյակի անունը փոխել, փակել մեր ատոմակայանը, այնտեղ մտցրել են փոքրամասնությունների իրավունքներ՝ գենդեր-մենդեր, ԼԳԲՏ, որը ոչ մի ձևով մեր մենթալիտետի հետ չի կապվում»:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ հետխորհրդային երկրները պետք է միասնական ուժերով պայքարեն արտաքին ազդակների դեմ. «Պայքարել այնպիսի տնտեսական խնդիրների դեմ, ինչպիսիք են տնտեսական անկախությանն ուղղված մարտահրավերները: Իսկ դա պետք է անել զարգացած եվրոպական երկրների օրինակով»:
«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի նախագահ Արման Ղուկասյանը նկատեց, որ հիմա իրավիճակն այլ է, ինչ 2013-ին. «ԵՄ-ի համար այսօր և-և-ի տարբերակն ակտուալ է դարձել»: Հղում կատարելով Մոլդովայի փորձին՝ պարոն Ղուկասյանն ասաց. «Մոլդովայի փորձառությունը ցույց տվեց, որ Եվրամիությունը ստեղծում է արհեստական խոչընդոտներ տնտեսությունների համար և ոչնչացնում այս կամ այն երկրի արտադրական ներուժը, օրինակ՝ գինեգործությունը: Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո պարզվեց, որ Մոլդովայի գինեգործական չափանիշները չեն համապատասխանում եվրոպականին: Այդ նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, քանի որ Հայաստանից ԵՄ հիմնականում արտահանվում են թանկարժեք մետաղներ, ոգելից խմիչքներ՝ մասնավորապես կոնյակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ