Բանան ներկրող «Տրոպիկա» ընկերության սառնարանները վնասելու առթիվ հարուցված գործը, հավանաբար, կսառեցվի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը:
Հիշեցնենք, այս տարվա օգոստոսի 9-ին գիշերը, ինչպես Միրաքյանն էր հայտարարել, սառնարանների կոմպրեսորների վրա ծծմբաթթու էին լցրել գիշերը. «Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել «կիսլատան»»։
Այս ամիսների ընթացքում, Միրաքյանի պատմելով, քննիչը «Տրոպիկա» ընկերության տարածք չէր այցելել, եւ միայն երեկ է այցելել, բայց ինքը՝ Միրաքյանը ժամանակ առ ժամանակ հարցաքննվել է:
Միրաքյանը նշեց, որ իրավապահ մարմինները գործի սկզբից էլ ասում էին՝ չենք կարող գտնել, բավարար փաստեր չկան. «Իսկ այս վերջին հանդիպման ժամանակ էլ ասաց՝ ամենայն հավանականությամբ գործը կսառեցվի»:
Մինչդեռ Միրաքյանը նշեց, եթե ընկերության տարածքում տեսախցիկներ չկան, ապա մոտակայքում հաստատ կլինեն, որովհետեւ կա հյուրանոց, բնակելի տներ կան 20 մետր հեռավորության վրա:
Արդյոք անհնար է գտնել հանցագործին, մեր այս հարցին ի պատասխան ասաց. «Մեր տարածքի դիմացը զինվորականների պոստեր կան, զենքով՝ գիշեր-ցերեկ հերթապահում են: Ինձ թվում է, ոչ մասնագետի կարծիքով եմ ասում՝ մի քիչ ավելի շատ ջանքեր գործադրելու դեպքում ավելի շատ արդյունք կլիներ: Բազմաթիվ ձեւեր կան՝ սկսած տարածքի բնակիչներին ու պահակին հարցաքննելուց, ավարտած 3G կապով տեսնեն՝ էդ ժամին ովքեր են անցել, ով է եղել տարածքում ու իրենց հետ կապնվեին: Կարծես թե բնակիչներին էլ չեն հարցաքննել, որովհետեւ քննիչն ինձանից էր հարցնում՝ իսկ մոտակայքում մարդ կա ՞ բնակվող, ի՞նչ տարածության վրա են եւ այլն»:
Միրաքյանն ասաց, որ քննիչը երեկ մոտեցել է տարածքի պահակին ու կարճ զրույց ունեցել, մինչ այս քննիչը պահակի հետ չէր էլ խոսել:
Ընկերությունը հիմա էլ շարունակում է բանան կրել, Միրաքյանի վստահեցմամբ՝ ամսական մոտ 10-12 ֆուռ:
Սառնարանները վնասելուց առաջ, ընկերությունը սկսել էր բանան ներկրել, իսկ երբ սառնարանները վնասեցին, Միրաքյանը կարծիք էր հայտնել՝ «Ենթադրվում է մեր մրցակիցներն են արել»:
Մինչ «Տրոպիկա» ընկերության հայտնվելը մեր երկրում բանանի ներկրման մենաշնորհը «Քեթրին գրուպ»-ին էր, որն ըստ մամուլի, երկար տարիներ պատկանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: Հետո Պողոսյանը լրագրողներին մշտապես վստահեցնում էր, որ ինքն այլեւս չի զբաղվում «Քեթրին գրուպ» ընկերությունով։
Հնարավոր համարո՞ւմ եք, որ իրավապահ մարմինների վրա Միհրան Պողոսյանը կարող էր ճնշում գործադրել, քանի որ ենթադրում էիք, թե ընկերությանը վնաս հասցնողը ձեր մրցակիցն է. մեր այս հարցին ի պատասխան Միրաքյանն ասաց. «Ոչինչ չեմ կարող ասել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ