Ծանրամարտի Եվրոպայի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականները բացառիկ արդյունք գրանցեցին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 32 մեդալ (18 ոսկի, 8 արծաթ, 6 բրոնզ):
Հայրենիք վերադառնալուց հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գոհ եմ մեր ծանրորդների ելույթներից Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նրանք հանդես եկան իրենց հնարավորությունների առավելագույն չափով եւ արդյունքներ ցույց տվեցին:
Սա պատահականություն չէ: Մեկ տարուց ավելի պատրաստվում էինք այս առաջնությանը, որպեսզի լավագույն կերպով մասնակցեինք: Խնդիրն ամբողջությամբ կատարված է: Չորս մարզիկ պետք է հանդես գար աշխարհի առաջնությունում: Բայց հայտնի պատճառներով չենք մասնակցելու: Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը լիովին չօգտագործեցին իրենց ներուժը: Ալբանիայում դրա իմաստն էլ չկար: Ի վերջո, սպորտ է, ծանր քաշեր: Երկուսն էլ ցանկանում էին ավելի բարձր կիլոգրամների մոտենալ՝ մենք չթողեցինք: Եվրոպայի երիտասարդական առաջնությունը նրանց համար, պարզապես, փորձամրցում էր: Եվ անգամ այս պարագայում, Սիմոն Մարտիրոսյանը Դուրրեսում ճանաչվեց 20, իսկ Անդրանիկ Կարապետյանը՝ 23 տարեկանների լավագույն ծանրորդ»:
Հարցին, թե մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ մեկ տարի իր օրացուցային պլանով նախատեսված մրցումներին չմասնակցելը չի՞ ազդի մեր ծանրորդների վրա, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց. «Մենք անելու ենք այնպես, որ մեր մարզիկները չտուժեն ու մրցակցային պրակտիկայից չզրկվեն, շարունակեն կանոնավոր մարզումները, մասնակցեն ուսումնամարզական հավաքների: Կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Եվ եթե տարբերակ լինի, ինչ-ինչ մրցումների մասնակցելու հնարավորություն ստանան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ