Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. Շտապողականության արդյունքում Մոլդովան լուրջ խնդիրներ ունի ԵՄ-ում

Հոկտեմբեր 24,2017 19:35

Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ տնտեսական զարգացում առկա է`բոլոր ուղղություններով: Միակ բացառությունը շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներն են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա այս համոզմանը հանգել է`վերլուծելով 2017 թվականի 9 ամիսների ցուցանիշները: Մոտ 10 տոկոս անկում գյուղատնտեսության ոլորտում է, 6,4 տոկոս`շինարարության:

Թաթուլ Մանասերյանն այսօր մասնակցում էր «Հայաստանի փորձագիտական եւ կրթական հանրության դերը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման մեջ» թեմայով Երեւանում կազմակերպված քննարկմանը: Քննարկումը կազմակերպել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Եվրասիական փորձագիտական ակումբը, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

Նշյալ ցուցանիշները դիտարկելով Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, մեր զրուցակիցն արձանագրում է, որ անգամ անկում գրանցած գյուղատնտեսության ոլորտում է նկատվում արտահանման աճ`դեպի ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ. «Միայն ՌԴ հայկական գինու արտահանման ծավալներն աճել են 68 տոկոսով: Այս ցուցանիշի աճի միտումը շարունակվելու է մինչեւ տարեվերջ»: Տնտեսագետը գտնում է, որ սա շուկաների ազատականացման արդյունք է. հայկական գյուղմթերքները, պատրաստի եւ վերամշակված արտադրանքը կամ հումքը`առանց մաքսային արգելքների են ներթափանցում այդ շուկաներ: Ինքը կարեւորում է, որ Հայաստանում արտահանումն, ընդհանուր առմամբ սկսել է աճել երկնիշ թվերով`մոտ 20 տոկոս եւ չի բացառում, որ տնտեսական աշխուժացման ֆոնին արտահանում- ՀՆԱ ցուցանիշը տարեվերջին 38 տոկոս կազմի:

«ԵԱՏՄ-ն բարերար ազդեցություն է թողնում Հայաստանի վրա: Իհարկե, չի կարելի ասել բոլոր երկրները, քանի որ միգրացիոն գործընթացներում բավական անելիքներ ունենք Ղազախստանի, Ղրղըզստանի, անգամ Բելառուսի հետ: Բայց ՌԴ-ի հետ հարաբերություններն այս ձեւաչափում, կարելի է օրինակելի համարել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը` նկատելով նաեւ ռուսական տնտեսության զարգացումների դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, ինչի արդյունքում այս տարի գրեթե 20 տոկոսով ավելացել է տրանսֆերտների մուտքը Հայաստան եւ մինչեւ տարեվերջ դեռ ավելանալու միտում ունի: Ինքը չի գերագնահատում տրանսֆերտների դերը մեր տնտեսության մեջ, դրանք համարում է «ապահովության բարձիկներ», մանավանդ գնողունակության անկման այս վիճակում, բայց նկատում է, որ ՌԴ-ի տնտեսության աշխուժացումը տրանսֆերտներից զատ ներդրումներ է բերում Հայաստան, ինչին էլ նպաստում է աշխատատեղերի ավելացմանը:

Թաթուլ Մանասերյանը առանձնակի է կարեւորում Իրան-Հայաստան կապերը, որոնք ձեւավորվող ազատ տնտեսական գոտու ֆոնին, դիտարկում է Իրան-ԵԱՏՄ հարաբերություններ: «Նույնիսկ այս կարգավիճակով`ոչ ԵԱՏՄ-ին անդամակցության, Իրանը բավական մեծ ներդրում կարող է ունենալ ԵԱՏՄ-ում`հաշվի առնելով Իրանի 80 միլիոնանոց շուկան: Փոխադարձ օգտակար է նաեւ Իրանի համար, որը պատժամիջոցների վերացումով բացվում է դեպի արտաքին աշխարհ եւ կարծում եմ, ամենացանկալի շուկան 180 միլիոնանոց ԵԱՏՄ-ի շուկան է: Եթե Հայաստանը ճիշտ կարողանա օգտագործել այս հնարավորությունը`համատեղ կամ տեղական ձեռնարկությունների միջոցով, որպես միջնորդ`տրանզիտային ընդհանուր տարածքն օգտագործելով, Հայաստանում կարող է բավական լուրջ աշխուժություն ստեղծել»,- կարծում է Թաթուլ Մանասերյանը:

Հարցին`ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն կապելու համար ի՞նչ հնարավորություններ կարող է տալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որը Հայաստանը պատրաստվում է ստորագրել, մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանը իսկապես կապող օղակ կարող է դառնալ հատկապես Իրանի համար`ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ երկրների հետ: Նա նկատում է, որ հետխորհրդային երկրներից իր ինստիտուցիոնալ բարեփոխումներով Հայաստանն առաջատարն է եւ դեռ չորս տարի առաջ էր պատրաստ ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելուն: Իր կարծիքով, այս ընթացքում նույնիսկ առաջընթաց կա, թեպետ դանդաղ տեմպով. «Ուստի Իրանը ոչ միայն դեպի Եվրոպա ապրանքներ տեղափոխելու առումով, այլ, ընդհանուր առմամբ կարող է շահել: Իրանը փակ տնտեսություն է եւ եթե պետք է ազատականացվի, ապա Հայաստանում շատ դրական փորձ է կուտակվել`շատ ցավով եւ դժվարություններով լի, բայց անկախության 26 տարիները մեզ բավական դաս են տվել, որը ԻԻՀ-ն կարող է հաշվի առնել»:

Իսկ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը, մեր զրուցակցի կարծիքով, մինչ ԵՄ-ին անդամակցության կամ խորը եւ համապարփակ առեւտրի մասին մտածելը, Հայաստանին հնարավորություն կտա ամրապնդել դիրքերն այս տարածաշրջանում: «Առավելությունները քիչ չեն, եթե կարողանանք մրցունակությունը հասցնել ԵՄ-ի պահանջներին, հետխորհրդային երկրներում կարող ենք առաջատարը լինել` ի տարբերություն մեր հարեւանների, որոնք ընտրեցին միակողմանի`դեպի Արեւմուտք, կողմնորոշումը»,- ասում է նա` նկատելով, որ շտապողականության հետեւանքով, օրինակ, Մոլդովան հիմա բավական լուրջ հետընթաց ունի: Ինքը դրա համար Եվրոպային չի մեղադրում: Կարծում է, որ տվյալ երկրի իշխանություն ու քաղհասարակությունը լավ ծանր ու թեթեւ պետք է անեն բոլոր օգուտներն ու վնասները ու ներդաշնակեցնեն դրանք սեփական երկրի շահերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031