Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի ներկայացրած սկզբունքները արդեն կոմպրոմիս են ՀՀ-ի կողմից, որեւէ նոր կոմպրոմիս չի լինի, չի ստացվելու». Աշոտյան

Հոկտեմբեր 24,2017 19:30

Այսօր ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթին: Ըստ նրա, ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, այն համադարման չէ, սակայն բացում է նոր հնարավորություններ՝ երկիրը զարգացնելու համար. «Կարեւորենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները՝ որպես աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական լրջագույն գործոնի հետ: Այս հարաբերությունները կարող են նաեւ տարածաշրջանային անվտանգության համար կարեւոր դերակատարում ունենալ: Համաձայնագրով նախատեսված ոչ մի բարեփոխում դրսից պարտադրված չէ, այն բխում է ամբողջությամբ մեր ներքին օրակարգից, ավելի հստակ՝ սահմանադրությամբ ներկայացված այն գործառույթներից, որ պետք է իրականացնի ՀՀ-ն»:

Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, պարոն Աշոտյանը բնական համարեց դրանք. «Հայաստանն իր գործն արել է եւ ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները, հիմա մեր եվրոպացի գործընկերների տնային աշխատանքը կատարելու հերթն է: Ակնկալում ենք, որ ստորագրումից հետո քաղաքական այն բանաձեւը, որ կիրառվում է ԵՄ-ի կողմից տնտեսության մեջ՝ ավելին ավելիի դիմաց, կկիրառվի նաեւ քաղաքական առումով ՀՀ-ի հանդեպ»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ հատկապես ողջունելի են արցախյան հակամարտության հետ կապված այն կարգավորումները, որոնք դրված են համաձայնագրում: Բրյուսելյան եզրափակիչ փաստաթղթում, եթե լինեն տարածաշրջանային կոնֆլիկտներին վերաբերող դրույթներ, դրանք, անպայման, պետք է համահունչ լինեն ԵՄ-ի մինչ այդ հայտնած կարծիքներին:

Դեկտեմբերի 18-22-ը Եվրոխորհրդարանի պատվիրակությունը կլինի ՀՀ-ում եւ կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանին: Նրա խոսքով՝ «Ակնհայտ է, որ իրենց շուրջ սեղմվում են օղակներ, այդ օղակները ինչպես ներքին են՝ սոցիալ-տնտեսական, այնպես էլ արտաքին են՝ պայմանավորված իրենց կոռուպցիոն սկանդալներով, մարդու իրավունքների ինստիտուտների ճգնաժամով: Ես կարծում եմ, միջազգային հանրության խնդիրներից մեկն է Ադրբեջանի շուրջ սեղմել նաեւ արցախյան օղակը՝ պարտադրելով խաղաղություն, հարգանք՝ միջազգային ձեւաչափերի եւ ինստիտուտների հանդեպ: Մինսկի խմբի ներկայացրած սկզբունքները արդեն կոմպրոմիս են ՀՀ-ի կողմից, որեւէ նոր կոմպրոմիս ակնկալել չի լինի եւ չի ստացվելու: Չի կարող լինել կոմպրոմիս կոմպրոմիսի եւ ադրբեջանական ծայրահեղականության միջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031