Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա դասախոսությունը՝ Ժնեւյան հանդիպման, Արցախի հարցի վերաբերյալ, համարում է օդում ասված խոսքեր:
«Այս բանակցությունները ոչ մի բան չլուծող բանակցություններ են: Իրենք հանդիպում են, որ սայլը տեղից չշարժվի, որովհետեւ սայլի՝ տեղից չշարժվելը արդեն արդյունք է, որը ձեռք է տալիս միայն ռուսական կայսրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն պարզաբանմանը, թե ինքը որեւէ պայմանավորվածություն չի խախտել Ժնեւի հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ ժնեւյան հանդիպումից հետո Թվիթերի իր էջում Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը գրել էր. «Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել»:
Հիշեցնենք նաեւ, որ Ալիեւի օգնականը նկատի ուներ Ժնեւի հանդիպումից հետո Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ