ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր այցելել են Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան:
Նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն ունի 2 վագոն` 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, կահավորված է վերելակներով, որոնց օգնությամբ սայլակներով տեղաշարժվող ուղևորները կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Վահան Մարտիրոսյանի խոսքով` կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին և մոդեռնիզացման ինչ կարիքներ են առաջանում:
Ռուս մասնագետների հավաստմամբ` նորագույն սերնդի այս գնացքը չափազանց մեծ հնարավորություններ ունի, պատվիրատուի ցանկություններին համապատասխան կարող են նվազեցնել կամ ավելացնել էլեկտրագնացքի տեխնիկական բնութագրերը:
«Կոմպլեկտավորման համակարգը ճկուն է, կարող ենք անել այն, ինչ պատվիրատուն ցանկանա: Մեքենավարը կարող է լիարժեք վերահսկել, թե որ վագոնում ինչ է կատարվում: Տեսահսկման համակարգը շատ ընդգրկուն է», – ներկայացրեց տեխնիկական սպասարկման մասնագետ Ալեքսանդր Բոնկրատովը:
Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:
Նմանատիպ էլեկտրագնացք շուտով կերթևեկի դեպի Գյումրի: Վահան Մարտիրոսյան խոսքով՝ այս ուղղությունը ընտրվել է՝ հաշվի առնելով ուղևորների մեծ հոսքը և կառավարության՝ Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ նախարարը հայտնեց, որ որոշողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, բայց նախարարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնային տարբերությունը հնարավոր է էկոնոմ և բարձր կարգի տոմսերի միջև:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն