Շիրակի առևտրաարդյունաբերական պալատում տեքստիլագործների հիմնախնդիրները քննարկելու ժամանակ գյումրեցի գործարարներից մեկը՝ «Սարոտեքս» ընկերությունը ներկայացնող Սարիբեկ Զարգարյանն ասաց, որ Գյումրիում բիզնեսը զարգացնելու նպատակով հարկավոր է արտոնություններ տալ ու բավական հուզական ելույթ ունեցավ։ «Երևանում մանկապարտեզները բոլոր երեխաների համար ձրի են, ո՞նց որ Գյումրիում փողով են, Գյումրիում երեխաները երեխա չե՞ն, Գյումրիին ո՞վ է նայողը»,-նեղվեց գործարարը։
Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանն էլ հակադարձեց․ «Երևանի բյուջեն 3 անգամ շատ է Գյումրիից»։
Հարցը բարձրաձայնող գործարարը շարունակեց․«Այսինքն` Գյումրիում երեխաները չսովորե՞ն, անգրագետ մնա՞ն»։ Նրան հորդորեցին հարցը բարձրաձայնել քաղաքապետարանում, քանի որ դա քաղաքապետարանի գործն է, սակայն գործարարն, ամփոփելով իր միտքն, ասաց․ «Այսօր, ինչպե՞ս ասեմ՝ ամենավատ վիճակում գտնվող խավը Գյումրիում է և արտոնությունները հենց Գյումրիում պետք է օգտագործվեն, ոչ թե Երևանում»։
Գործարարը նաև դժգոհում էր, որ Գյումրիում բոլոր «տրիկոտաժնիկները» պարտքերի տակ են, չեն կարող նորմալ աշխատել։
Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, «Լենտեքս» տեքստիլարդյունաբերական ֆաբրիկայի հիմնադիր Կարեն Գոմցյանը, սակայն, քննարկումն ավարտեց գործարարների համար հաճելի նորությամբ։ Նրա փոխանցմամբ՝ կառավարությունը մտադրված է 2018 թվականից հանել հումքի ու սարքավորումների ավելացված արժեքի հարկը, այսինքն`եթե ԱԺ-ն հավանություն տա, գործարարը սահմանին ԱԱՀ չի մուծի ու ահագին կթեթևանան նրա հոգսերը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ