Հարցազրույց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ
-Հատկապես ի՞նչն է, Ձեր կարծիքով, խոչընդոտում Հայաստանի առավել դինամիկ զարգացումը։
-Մարդիկ, որոնց հետ ես խոսում եմ՝ ամերիկացի ներդրողներ, գործարարներ նաև՝ տեղացիներ, ընդհանուր առմամբ հաշվետվողականության բացակայության խնդիրն են առաջ քաշում։ Կա այն ընկալումը, թե հասարակության մեջ չկան հավասար պայմաններ։ Խոսքը դատական համակարգից կամ պետական ծառայություններից օգտվելու դեպքերին է վերաբերում։ Եթե այլ բառերով սա բնորոշենք, դա թափանցիկության բացակայության կամ կոռուպցիայի առկայության խնդիրն է։
Բայց, միևնույն ժամանակ, կան նաև հուսադրող հանգամանքներ։ Օրինակ, այն հանգամանքը, որ ուր էլ որ գնաս, մարդկանց շրջանում չկա այն դիմադրությունը, թե «պետք չէ մեզ օգնել կոռուպցիայի դեմ պայքարում, մի պարտադրեք մեզ ձեր արժեքները»։ Դա նշանակում է, որ հասարակությունը նույնպես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ երկրներում հաճախ հանդիպում ես այնպիսի իրավիճակի, երբ մարդիկ ասում են՝ «մեզ մոտ այսպես է ընդունված, և մենք չենք ցանկանում դրանից հրաժարվել»։ Հայաստանում չկա այդպիսի միջավայր, և դա, կարծես, անհրաժեշտ ջանքերի 80 տոկոսն է, ինչը շատ արժեքավոր է։ Ես կարծում եմ, որ այդ հարցում նաև մենք ենք դեր ունեցել։ Աջակցելով, աշխատելով տարբեր կազմակերպությունների, պաշտոնյաների, քաղհասարակության և այլ օղակների հետ՝ մենք կարողացել ենք հասնել այս իրադրությանը։
Երկուսուկես տարի առաջ, երբ ես Հայաստան ժամանեցի, շատ մտահոգիչ էր ինձ համար այն փաստը, որ չկար վստահություն ընտրական համակարգի նկատմամբ, և մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է քվեարկության միջոցով ինչ-որ բան փոխել։ Աշխատելով կառավարության, նախագահ Սարգսյանի, վարչապետի հետ՝ ես ուզում եմ նաև փաստել, որ նրանք նկատել են այդ հանգամանքը, և հենց նրանք էին, որ դիմեցին Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը, Եվրամիությանը՝ խնդրելով միջոցներ առաջարկել՝ 2017 թվականի ընտրությունների նախաշեմին վստահության ճգնաժամը մեղմելու նպատակով։ Մենք աշխատեցինք կառավարության հետ, աշխատեցինք ընդդիմության հետ, նաև կառավարությունն ու ընդդիմությունը միմյանց հետ համագործակցեցին՝ նոր կանոնների, նոր ընտրական օրենսդրության ձևավորման շուրջ, ապա քայլեր իրականացվեցին նոր գործընթացների ձևավորման ուղղությամբ, ինչպես օրինակ, կենսաչափական տվյալների պահանջը, նաև ստորագրված ընտրացուցակները հրապարակելու դրույթը կիրառվեց։ Դրանք մասամբ փակում էին այն պահանջները, որոնք առաջ էին քաշվում ընդդիմության կողմից։ Եվ միջազգային հանրությունն էլ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն էլ, Եվրամիությունն էլ կարողացան արագ արձագանքել ու աջակցել, ինչի արդյունքում քվեարկության օրվա աշխատանքները, դրանց կազմակերպումը բավականին լավ իրականացվեցին։ Արդյունքը եղավ այն, որ քվեարկության ընթացքն ընդունվեց բոլորի կողմից՝ թե′ ընդդիմության, թե′ կառավարության։ Կարծում եմ, նաև Հայաստանի քաղաքացիներն էլ ընդունեցին, որ քվեարկության օրն ամեն ինչ եղավ ճշգրիտ և արդար։
Սակայն քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում, անշուշտ տեղի ունեցան երևույթներ, որոնք անընդունելի էին՝ ընտրակաշառքների հետ կապված դեպքեր, աշխատողների նկատմամբ ճնշումներ, որոշ թեկնածուների օգտին քվեարկելու պարտադրանք։ Դրանք բոլորը խիստ մտահոգիչ հարցեր էին։
Մենք, բնականաբար, այդ խնդիրների վերաբերյալ հանդես եկանք հայտարարություններով, սակայն ուզում եմ նշել, որ այս վերջին ժամանակահատվածում նկատելի է, որ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվում այդ երևույթները կարգավորելու ուղղությամբ, օրենքներ են մշակվում, որոնք առնչվում են ընտրական կաշառքներին, ընտրողների նկատմամբ ճնշումների հարցերին։ Ուրախալի կլինի, եթե այդ օրենքներն ընդունվեն և առավել քան ուրախալի կլինի, եթե այդ օրենքները կյանքի կոչվեն։
Եվ ես դրականորեն եմ տրամադրված։ Իհարկե, հաշվետվողականության, թափանցիկության մեծացման ուղղությամբ քայլերը պետք է շարունակվեն, մենք որոշակի դրական տեղաշարժեր ապրիլին տեսել ենք, դրանք պետք է շարունակվեն, քանի որ դա այն է, ինչին հայաստանյան հասարակությունը ձգտում է։
-Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, Ձեր կարծիքով, ի՞նչ ձգտումներ ունի հայաստանյան հասարակությունը։ Դեպի Արևմո՞ւտք է արդյոք այդ կողմնորոշումը, և հնարավոր է արդյոք դրա իրականացումը աշխարհաքաղաքական ներկա իրադրությունում։
– Շատերն են այս նույն հարցն ինձ ուղղում, և ես ուզում եմ, որ Արեւմուտքի, իր անմիջական հարեւանների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումը լինի հստակ։ Հայաստանը պետք է ամուր կապեր ունենա հնարավորինս մեծաթիվ երկրների հետ։ Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում, և հնարավորինս շատ երկրների հետ ամուր կապեր ունենալը անչափ կարևոր է։
Մենք Միացյալ նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական և տնտեսական կապեր կան երկու երկրների միջև։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ։ Հայաստանը պետք է և′ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենա, և′ Միացյալ Նահանգների, և′ Ռուսաստանի հետ։ Այդ հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում։ Անկեղծորեն ասեմ՝ Հայաստանը պետք է տարածաշրջանում փորձի առավել բարելավել հարաբերություններն իր անմիջական հարևանների հետ՝ Վրաստանի, Թուրքիայի, ինչ-որ մի պահի՝ Ադրբեջանի հետ։
Շաքե ԱՎՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում