Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը խոսեց ատոմակայանի մասին: Նա մեջբերեց արդարադատության եւ էներգետիկայի նախարարների կարծիքները, ըստ որոնց՝ նոր ատոմակայանի հարցը պիտի համադրեն այլընտրանքային էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում ապահովեն: Արամ Սարգսյանը հիշեց, որ նման մոտեցումներով էլ մենք ժամանակին հրաժարվեցինք գազաբաշխիչ կայաններից: Հրաժարվեցինք այդպես էլեկտրական ցածրավոլտ բաշխիչ ցանցերից, օդանավակայանից, երկաթգծից եւ այսպես շարունակ:
Ըստ Արամ Սարգսյանի, մեր ատոմային էլեկտրակայանը այլընտրանք չունի, երաշխավորված հոսանք է մատակարարում մեր երկրին, ոչ արեւի էներգետիկան, ոչ քամու էներգետիկան նման հնարավորություններ չունեն, հիդրոէներգետիկան շատ մեծ տարածքներ է պահանջում, ջերմային էներգետիկան բավականին թանկ է:
Արամ Սարգսյանն ասաց, որ պետք է ամբիցիա ցուցաբերենք եւ ինքներս փորձենք մեր երկրում ոչ միայն ատոմակայան ունենալ, մեր ուրան 235-ն էլ հետը: Դրա համար, ըստ նրա, ՀՀ-ն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները, տեխնիկական, նյութական հնարավորությունները: ՀՀ-ում կա 34 ուրանի հանքավայր, հնարավոր է ուրան 238-ից անջատել ուրան 235-ը:
Արամ Սարգսյանը նշեց. «ՀՀԿ-ական, ԵՏՄ-ին ջատագով բոլոր ահել ու ջահել իմ ընկերներին խորհուրդ կտայի այդ խնդիրը լուծել, դրանից հետո մենք ձեր բոցաշունչ ելույթները համակ ուշադրությամբ կլսենք, վերջում էլ կասենք՝ ապրի արեւներդ: Հակառակ պարագայում, եթե մենք կորցնենք ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ կդառնանք դամբուլային երկիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ