Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշման համաձայն՝ Վանաձորի Սիվաշավան (ԴՈՒՑ) թաղամասում գործող թիվ 26 հիմնական դպրոցը կմիավորվի Տարոն 2 ՔՇՀ-3 թաղամասում գործող թիվ 28 «Վիդրոջենյա» հիմնական դպրոցին: Դպրոցների միավորման պատճառը աշակերտների թվաքանակի քիչ լինելն է:
-26 դպրոցում 27 աշակերտ կար, երբ մենք կառավարություն որոշման նախագիծ էինք ուղարկում: Կարծես թե դպրոցում սովորող աշակերտների ու աշխատողների թիվը գրեթե հավասարվել էին: Վանաձորում գործող 27 աշակերտով դպրոցի հետագա գործունեությունը՝ եւ՛ ուսուցման արդյունավետության տեսանկյունից, եւ՛ ապահովության տեսանկյունից նպատակահարմար չէր,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Վարչության պետի խոսքով՝ դպրոցների միավորվելուց հետո թիվ 26 դպրոցի աշակերտները կարող են հաճախել ոչ միայն թիվ 28 դպրոց, այլեւ տարածքում գործող այլ կրթօջախներ. «Ունենք թիվ 28, 30, 16 դպրոցները, Բազում գյուղում գործող դպրոցը եւ այլն, այս դպրոցներում երեխաները կարող են կրթություն ստանալ»:
Եթե թիվ 26 դպրոցի աշակերտները վերակազմակերպումից հետո իրենք կարող են ընտրել, թե որ դպրոցում են ուզում շարունակել կրթություն ստանալ, ապա նույնը չի կարելի ասել ուսուցչական կոլեկտիվի մասին, նրանց ընտրելու է 28 դպրոցի տնօրինությունը: Սայադյանը վստահեցնում է, դպրոցների միավորումից հետո, թիվ 26 դպրոցի ուսուցիչներն, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, չեն կորցնի իրենց աշխատանքը:
-Թիվ 28 դպրոցի տնօրինությունը յուրաքանչյուր դեպք առանձին կքննարկի, եւ ըստ հնարավորությունների կորոշի, թե թիվ 26 դպրոցից ինչ մասնագետներ պետք է շարունակեն իրենց աշխատանքը թիվ 28 դպրոցում: Կլինեն մասնագետներ, ովքեր կարող է աշխատանքը շարունակելու հնարավորություն չունենան: Եթե խոսքը գնում է միջին մասնագիտությամբ մանկավարժների մասին, ապա կառավարության որոշման եւ հանրակրթության մասին օրենքի համաձայն, մինչեւ 2018 թվականի ուսումնական տարվա սկիզբը, այդպիսի մասնագետներն այլեւս դպրոցում աշխատելու իրավունք չեն ունենալու: Տվյալ դեպքում այս հարցը մեխանիկորեն է դուրս գալիս: Իսկ ովքեր ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն, յուրաքանչյուր ուսուցչի հարց առանձին կքննարկվի, եւ՛ 28 դպրոցը, եւ՛ գործող մյուս դպրոցներն ըստ հնարավորության նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը կփորձեն լուծել: Բնականաբար, գործընթացը կլինի մեր հսկողության տակ: Չեմ կարծում, որ այդքան մեծ խնդիրներ առաջանան: Մենք Վանաձորում շատ դպրոցներ ունենք եւ հնարավորություն կստեղծենք, որպեսզի մանկավարժներն, ովքեր որ համապատասխան կրթություն եւ մասնագիտական որակավորում ունեն, աշխատանքի տեղավորվեն,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միանաս Սայադյանը:
Թիվ 28 դպրոցն այսուհետ համարվում է թիվ 26 դպրոցի իրավահաջորդ: Եվ կառավարության որոշումից բխող բոլոր իրավական խնդիրները կարգավորելու է 28 դպրոցը: Շենքը, որտեղ տեղակայված է թիվ 26 դպրոցը, պատկանում է ՀՀ ՊՆ-ին, դպրոցների միավորումից հետո այն կհանձնվի նախարարությանը:
Որոշումն արդեն իսկ ուղարկվել է 2 դպրոցներին էլ: Այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսի 1-ին:
Մարզում գործում է մինչեւ 30 աշակերտ ունեցող 20 դպրոց: Դրանք բոլորը գյուղական համայնքներում են: Այս դպրոցների միավորման հետ կապված կառավարություն դեռեւս նախագիծ չի ներկայացվել. «Ունենք դպրոցներ, որտեղ սովորում է 10, 12 աշակերտ: Դպրոցներ ունենք, որտեղ անցել ենք եռակոմպլեկտ դասարանների: Հասկանալ է, որ ինչքան էլ մենք ցանկանանք, այդտեղ լիարժեք ուսուցման պրոցես հնարավոր չէ կազմակերպել: Այս դպրոցների ռացիոնալացման խնդրին մենք կանդրադառնանք միայն համայնքների խոշորացման գործընթացից հետո: Ես նկատի չունեմ միայն նոյեմբերի 5-ը, որովհետեւ նոյեմբերի 5-ով համայնքների խոշորացումը չի սահմանափակվում: Դրանից հետո նույնպես տեղի կունենա համայնքների խոշորացում: Վերջնական փուլն ավարտելուց հետո, մենք նոր կանդրադառնանք այդ դպրոցների խնդրին»,- եզրափակեց Մինաս Սայադյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Թիվ 26 հիմնական դպրոցի լուսանկարը՝ դպրոցի կայքից