ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն է քննարկվում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծում նույնիսկ չկա, թե ով է նշանակում գլխավոր շտաբի պետին: Նա ասաց, որ կա ընդհանուր ձեւակերպումներ. «Մեզ համար գլխավոր շտաբը եւ գլխավոր շտաբի պետը առանձնահատուկ նշանակություն ունեցո՞ղ պաշտոնյաներ են, թե՞ հերթական պաշտոնյաներ: Չե՞ք կարծում, որ ապրիլյան պատերազմը նաեւ ցույց տվեց, որ գլխավոր շտաբի այն կառուցվածքը, այն փիլիսոփայությունը, որ դրված է մեր գլխավոր շտաբի հիմքում եւ ինքնաբերաբար տեղափոխվում է այս օրենք, իրեն չի արդարացրել: Մեր գլխավոր շտաբի եւ շտաբի պետի հասցեին անընդհատ հնչել են կոռուպցիայի մեղադրանքներ, անընդհատ սկանդալային իրավիճակներ եւ չեմ կարծում, թե այստեղ անձնական խնդիր կա: Ինստիտուցիոնալ հակակշիռների շատ էական խախտում ունենք»
Փաշինյանն ասաց, որ ԶՈՒ միանձնյա կառավարման սկզբունքը չեն ուզում խախտել, բայց խորհրդարանական կառավարման համակարգում ԳԽ-ն, ՊՆ նախարարն ու վարչապետը չպետք է իրենք իրենցով հարցերը լուծեն:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ Սահմանադրությամբ հստակ գրված է, թե ինչպես է նշանակվում ԳԽ պետը: Ինչ վերաբերում է սկանդալային կոռուպցիոն դեպքերին, Նահապետյանն ասաց. «Եթե դուք գիտեք կոռուպցիոն սկանդալային դրսեւորում, խորհրդարանն ունի նաեւ քաղաքական պատասխանատվություն, ներկայացրեք կոնկրետ փաստեր, ԱԺ-ն կիրականացնի իր գործառույթը: Այն, որ կան թերություններ, բացթողումներ, չարաշահումներ, դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսում են: Այլ բան է, թե ինչպես ենք դրանք բացահայտում, ինչպես ենք արձագանքում եւ ինչ քաղաքական որոշումներ ենք կայացնում»: Ինստիտուցիոնալ հակակշիռներ ստեղծելու հետ կապված էլ Նահապետյանն ասաց, որ իրենք գտնում են լուծումներ, որոնք համակարգը ամբողջական կդարձնեն եւ կստեղծվեն հակակշիռներ: Կորյուն Նահապետյանը առաջարկեց, որ կարող են իրենց առաջարկը ներկայացնել պատգամավորները:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ երբ իրենք գրավոր առաջարկ չեն անում, ասում են՝ ինչ լավ կլիներ, որ գրավոր առաջարկ անեիք, գրավոր առաջարկ են անում՝ ասում են, որ դա չի լինի, դա լավ մտադրություններով ճանապարհ է՝ դեպի դժոխք. «Մեր բոլոր առաջարկությունները ձեր համար ճանապարհ են դեպի դժոխք, անկախ նրանից՝ լավ, թե վատ ճանապարհ է: Նախարարը կասի՝ մեզ ուզում եք դժոխք տանեք, մենք չենք ուզում ձեզ դժոխք տանենք, դուք ինքներդ գնացեք»:
Կորյուն Նահապետյանն էլ արձագանքեց. «Մենք չենք, որ պիտի որոշենք դրախտում ենք հայտնվելու, թե դժոխքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ