ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին՝ փուլ II» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը:
Նիստը համանախագահել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նիստի աշխատանքին մասնակցել են ՀՀ շահագրգիռ նախարարությունների, պետական այլ մարմինների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համապատասխան ներկայացուցիչները:
Նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ողջունել է Ղեկավար կոմիտեի հերթական հանդիպումն ու անդրադարձել 2014 թվականին ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի նպատակներին, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված ուղղություններին և բարեփոխումներին:
Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել է համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ազդարարների համակարգի, արդյունավետ թափանցիկ կառավարման, ներառյալ՝ էլկառավարումը, քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող աշխատանքները, ՀՀ պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ու սահմանային գործակալություններին առնչվող հարցեր:
Քննարկման արդյունքում կողմերն արձանագրել են համաձայնագրով նախատեսված աշխատանքները՝ կարևորելով բյուջետային աջակցության գործիքի դերը Հայաստանում նշված ոլորտներում բարեփոխումների հաջող իրականացման ուղղությամբ։ Կողմերը նաև պայմանավորվել են հետագայում նույնպես համատեղ միջոցներ ձեռնարկել հայ-եվրոպական համագործակցության օրակարգով նախատեսված միջոցառումների իրականացման և դրանց տեսանելիության բարձրացման ուղղությամբ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն