Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ փոխնախագահ. Ստվերի կրճատում ունենք

Հոկտեմբեր 24,2017 16:21

Հավաքագրված հարկային եկամուտներն ավելին են, քան տնտեսական աճի հնարավոր ներուժը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման պնդում արեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարվա 9 ամիսների տվյալներով հարկային հավաքագրումների գծով գրանցվել է 9.4% աճ: Դրամային արտահայտությամբ այն կազմում է շուրջ 74 մլրդ դրամ՝ ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Վախթանգ Միրումյանը հավաստիացնում է, որ մինչեւ տարեվերջ ոչ միայն բյուջեով նախատեսված հարկային եկամուտների մեծությունն է ապահովվելու, այլեւ բյուջեով նախատեսվածից ավելին: Դա արվելու է լրացուցիչ վարչարարությամբ:

Լրագրողները հետաքրքրվեցին`կարո՞ղ ենք խոսել ստվերի կրճատման մասին: «Իհարկե, կարող ենք: Կարծում եմ, թվերով ավելի կոնկրետ կարող ենք խոսել տարեվերջին, երբ արդեն ակնհայտ կլինեն տնտեսական այլ ցուցանիշները: Կարծում եմ, որ եկամուտների 3 բաղադրիչներից էական մաս է կազմում այն բաղադրիչը, որն ապահովվել է ստվերի հաշվին»,- պատասխանեց Վախթանգ Միրումյանը: Նա բացառեց հարկային ճնշումները. «Բոլոր, անգամ ռիսկային տնտեսվարողներին նախապես ծանուցումներ ենք ուղարկվում եւ միայն վարքագծի փոփոխություն չնկատելու դեպքում, իրականացվում են գործողությունները»:

Բյուջեում, այս տարվա կտրվածքով, նախատեսված է 1 տրլն 135 մլրդ դրամ հարկային եկամուտներ, սակայն փաստացի այդ ցուցանիշը կգերազանցվի: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱԱՀ վերադարձի գումարներն արդեն հանված են այդ ցուցանիշից:

ՊԵԿ փոխնախագահը չհամաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ կարագի եւ մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նպատակ է հետապնդում հարկերի հավաքագրման խնդիրը լուծել: Նա պնդում է` այդ ապրանքների մասնաբաժինը հարկային մուտքերի առումով փոքր է եւ բյուջեն հավաքագրելու առումով նման քայլ չէր կարող տեղի ունենալ եւ բացատրում. «Դա հիմնականում արտաքին շուկաներում փոփոխությունների արդյունք է»: Իսկ թե ինչո՞ւ կարագի, բանանի, շաքարավազի շուկաների ազատականացումը չի բերել գների անկման, այլ թանկացում է գրանցվել, Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ գների անկում կլիներ մնացած հավասար պայմանների դեպքում, բայց երբ միջազգային շուկաներում տեղի է ունենում գների բարձրացում, ցանկացած մրցակցային միջավայր չի կարող ետ մղել այդ ազդեցությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031