Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բարի ցանկություններով հարթվում է ճանապարհ՝ դեպի դժոխք». Վիգեն Սարգսյանը՝ «Ելքին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2017 16:10

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ասաց, որ իրեն նախագծում մտահոգում է այն, որ ըստ օրենքի՝ զինված ուժերի ղեկավարը գլխավոր շտաբն է, բայց չենք նկարագրում, թե ինչ է գլխավոր շտաբը: Եթե օրենքի տրամաբանությամբ նայենք, ոչ թե ունենք գլխավոր շտաբ, այլ ունենք գլխավոր շտաբի պետ՝ իր աշխատակազմով: Զինված ուժերի զսպվածությունն ու չեզոքությունն էլ, ըստ Փաշինյանի, ներքաղաքական գործընթացներում չի ապահովում օրենքը:

Նախարարը պատասխանեց, որ մտահոգությունն ավելորդ է, օրենքում չեզոքության մասին հոդված կա, հստակ գրված է, որ զինված ուժերը չեզոք են քաղաքական գործընթացներում:

«Ելքի» պատգամավորն Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ «Գլխավոր շտաբն ունի 18 վարչություն եւ 7 բաժին: Այդ համակարգն ու օրենքն եմ նայում, ճիշտ կլիներ, որ գլխավոր շտաբի կառուցվածքն օրենքով ամրագրեինք: Հետո մենք առաջարկել էինք, որ օրենքում նոր հոդված լինի, որը վերաբերում է տեղական արտադրողներից գնումներին, ամեն տարվա ռազմական բյուջեի ծախսերի աճ ցույց տանք 2 տոկոսի չափով՝գնումների, օրենքը իմպուլս կտա, որ տեղական արտադրողները սկսեն արտադրել: Ես ազնվությամբ չհասկացա, թե մեր այս առաջարկներն ինչու մերժեցիք»:

Նախարարը պատասխանեց, որ կառավարման մարմիների կառուցվածքը սահմանում է կառավարությունը՝ որոշումներով, ինչքան էլ թվա, թե գլխավոր շտաբի կառուցվածքը հաստատուն է, դա այդպես չէ, իրավիճակի փոփոխության հետ կարող է փոխվել: Եթե օրենքով դա հաստատեն, ապա ԱԺ-ն ստիպված պետք է լինի ոչ թե քառօրյա, այլ 7-օրյա ռեժիմով աշխատել. «Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, դա ավանդական դեպքերից է, երբ բարի ցանկություններով հարթվում է ճանապարհ՝ դեպի դժոխք, որովհետեւ ոչ մի ավելի վատ բան, քան պաշտպանված ներքին արտադրողը առանց մրցակցության արդյունավետ լինել չի կարող: Մեր ձգտումն է զինված ուժերի ձեռքբերումների գերակշիռ մեծամասնությունը, թիկունքային ապահովման մասով մոտ 80 տոկոսը, սպառազինության մասով աճող տեմպերով ներքին արտադրողից ձեռք բերելու հնարավորություն»: Բայց նախարարն ասաց,որ եթե որեւէ ապրանք ավելի էժան գնով եւ ավելի բարձր որակով կարող են գնել՝ պետք է առաջնահերթությունը տան այդ ապրանքին:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ սնունդ արտադրող ընկերությունների հետ հիմա քննարկում են սահմանային համայնքներում արտադրություն ծավալելու հարցը եւ այդ քաղաքականությունն են շարունակելու, բայց չեն կարող օրենքում գրել, որ տեղական արտադրողից են գնելու, քանի որ դա ճիշտ տրամաբանություն չէ: Եթե ավելի էժանը գտնեն, պարզ է, որ կգնեն այլ ընկերությունից: «Մենք պետք է գնենք ամենաորակյալ բանը ամենաէժան գնով»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ եթե նույնիսկ ամենահարուստ պետությունն էլ լինեինք, էլի նույն տրամաբանությամբ էինք պարտավոր շարժվել, իսկ հիմա առավել եւս, երբ սուղ միջոցներ ունենք, պարտավոր ենք փնտրել էժան եւ հարմար տարբերակ. «Ես ձեր հետ եմ տեղական արտադրողի կողքը կանգնելու առումով՝ նաեւ գործով, բայց ես դեմ եմ օրենսդրական ձեւակերպմամբ այդպիսի սահմանափակումներ տեղադրելուն»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց առաջարկը մրցակցային մթնոլորտում տեղական արտադրողից գնելու մասին է: Նախարարը միեւնույն է, չընդունեց: Նա բացատրեց, որ օրենքում ստիպված են գրել, որ բոլոր հավասար պայմաններում գնելու են տեղական արտադրողից: Դա ասելը, ճիշտ է, ընդդիմադիրների համար լավ է, մարդկանց ականջին հաճելի է, բայց գործնականում կիրառելը խնդիր է առաջացնելու, խոշոր ընկերությունները չեն մասնակցի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031